Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը կարող է նոր օրակարգ ձևավորել. Վահրամ Տեր-Մաթևոսյան
Քաղաքական
10:17 30/06/2026
Հայաստան

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը կարող է նոր օրակարգ ձևավորել. Վահրամ Տեր-Մաթևոսյան

Վերջին օրերին շատերի ուշադրության կենտրոնում Իսրայելի կողմից ՝ Հայոց Ցեղասպանության ճաչաման հարցն է։ Թեմայի շուրջ մի քանի հարցի վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է պատմաբան Վահրամ Տեր-Մաթևոսյանի հետ։

Panorama.am-Պարոն Տեր-Մաթևոսյան, քաղաքական և տարածաշրջանային ի՞նչ գործոններ են նպաստել, որ Իսրայելում կրկին ակտիվանա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։
Վահրամ Տեր-Մաթևոսյան-Գազայի, Համասի, Սիրիայի, Լիբանանի, ինչպես նաև Արևելամիջերկրածովյան տարածաշրջանի շուրջ թուրք-իսրայելական հարաբերություններում շարունակվող հրապարակային առճակատումը այն աշխարհաքաղաքական համատեքստն է, որի ազդեցության ներքո կրկին առաջ է բերվել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Այդ գործընթացի զուգահեռ չի դադարում նաև Իսրայելի վարչապետին ու նրա վարչակազմին ուղղված պաշտոնական Անկարայի կոշտ հռետորաբանությունը։ Հնչող հանրային կոշտ հայտարարություններից առանձնանում է Իսյայելի կառավարության հասցեին հնչող այն մեղադրանքները, որոնցով իշխող վարչակազմը մեղադրվում է ցեղասպանություն իրականացնելու, իսկ Իսրայելի վարչապետը ներկայացվում է որպես Հիտլերի հետևորդ։ Այսինքն, թուրք-իսրայելական քաղաքական ու աշխարհաքաղաքական հակասությունների ցանկը բավական ընդգրկուն է։

Panorama.am-Արդյոք Իսրայելն այս պահին պատրա՞ստ է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում հեռուն գնալ՝ ընդունելով առանձին օրենք։ Ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող են կասեցնել Քնեսեթի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը։
Վահրամ Տեր-Մաթևոսյան-Այս հարցադրումը և կասկածը տեղին են քանի որ նախկինում ևս տեղ են գտել նմանատիպ նախաձեռնություններ, որոնք տրամաբանական ավարտին չեն հասցվել տարաբնույթ քաղաքական նպատակահարմարություններից ելնելով։ Մի շարք նախկին ու նոր գործոններ այս անգամ էլ կարող են ազդել այս նախաձեռնության ելքի վրա։ Անկարան, Բաքուն, ԱՄՆ-ն, և իհարկե Երևանը տարբեր դրդապատճառներով, ու տարբեր քաղաքական հաշվարկներով կարող են փորձել ազդել այս նախաձեռնության վրա։ Քանի դեռ գործընթացը չի ավարտվել, հնարավոր են ամենատարբեր զարգացումներ։ Պակաս կարևոր չէ կառավարության որոշման հիմնական զեկուցողի՝ արտաքին գործերի նախարարի մեկնաբանությունների այն դրվագը, որով կատարվածը ներկայացվում է որպես «հրեաների, և հրեական պետության բարոյական պատասխանատվություն» և «երբեք ուշ չէ ճիշտ բան անելու համար»։ Ուստի, կառավարության կողմից հավանության արժանանալու փաստը վկայում է, որ այն շուտով կարող է հայտվել խորհրդարանի օրակարգում և հրեաները ուշացմամբ կկատարեն իրենց «բարոյական պարտքը»։

Panorama.am-Իսրայելի կառավարության կողմից որոշման միաձայն հավանության արժանանալուն արձագանքել են Թուրքիայի, Ադրբեջանի ԱԳնախարարությունները։ Ինչ եք կարծում, ինչպե՞ս գործընթացը կազդի Իսրայել–Թուրքիա, Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների վրա, և արդյոք դա կարող է հանգեցնել երկկողմ հարաբերություններում կտրուկ փոփոխությունների։
Վահրամ Տեր-Մաթևոսյան-Թուրք-իսրայելական հարաբերություններն այնպիսի խորը դիմակայության փուլում են, որ դժվար թե այն կարողանա նոր ճգնաժամի պատճառ դառնա։ Այն անշուշտ հավելյալ բացասական երանգ կհաղորդի երկկողմ հարաբերություններին, քանի որ Իսրայելի կողմից ճանաչման փաստը էապես տարբեր է այլ երկրների կողմից ընդունված նմանատիպ օրենքներից կամ որոշումներից, բայց ակնկալել կտրուկ փոփոխություններ իրատեսական չեն։ Թուրքիայի ԱԳՆի հայտարարությունը հայոց ցեղասպանության ժխտողականության հերթական դրսևորումն էր՝ համեմված Իսրայելի հետ երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների վերաբերյալ հիշեցումներով։ Թուրքիան այն կներկայացնի որպես անկարևոր քաղաքական իրադարձություն, որի հիմքում աշխարհաքաղաքական նպատակահարմարությունն է, քան թե հայ ժողովրդին պատուհասած ողբերգության ճանաչումը։

Panorama.am- Հայաստանի ԱԳ նախարարությունը դեռ չի արձագանքել Իսրայելի երեկվա որոշմանը։ Ինչո՞ւ է հապաղում նախարարությունը, ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի պաշտոնական արձագանքը։ Ինչպե՞ս հայկական կողմը ստեղծված իրավիճակը կարող է ծառայեցնել իր շահերին։
Վահրամ Տեր-Մաթևոսյան-Հայաստանի կառավարությունը ոչ միանշանակ ընտրության առջև է կանգնած ու դա պայմանավորված է առնվազն չորս գործոններով. 1/ նախ սա կառավարության որոշում է և դեռ օրենք չէ։ 2/ հաշվի առնելով Ցեղասպանության ճանաչման հարցում պաշտոնական Երևանի դիրքորոշումը, արձագանքը չի կարող հակասության մեջ լինել արտաքին քաղաքական օրակարգում սահմանված առաջնահերթությունների հետ; 3/Իսրայելի կողմից վերջնական ճանաչումը նման չէ մյուս երկրների կողմից ճանաչման փաստին. այն ունի շատ երանգներ, ուստի արձագանքը ճիշտ տրամաչափում է պահանջում; 4/Հայ-իսրայելական հարաբերություններում ևս առկա են հակասություններ ու խութեր, որոնք պետք է հաշվի առնել արձագանքի ձևավորման փուլում։

Panorama.am- Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Իսրայելի կողմից Հայոց Ցեղասպանության հնարավոր ճանաչումը միջազգային հանրության և այն պետությունների վրա, որոնք դեռևս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հաշվի առնելով փաստը որ Ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություն չի համարվում։
Վահրամ Տեր-Մաթևոսյան-Թե ինչպիսի ազդեցություն կունենա կունենա միջազգային հանրության վրա կախված է լիենու մի շարք գործոններից։ Առաջին հերթին կարևոր է թե ո՞վ, և ինչպե՞ս է այն ներկայացնելու, ի՞նչ օրակարգ է այն հետապնդելու։ Եթե Սփյուռքի որոշ թուլացած կառույցներն այն զգուշությամբ են ողջունելու՝ հաշվի առնելով մի շարք երկրներում առկա հակաիսրայելական տրամադրություններ, իսկ պաշտոնական Երևանի արձագանքը լինելու է նախկին արձագանքներից բովանդակային առումով տարբերվող կամ զգուշավոր, ապա շատ ակնկալիքներ ունենալ պետք չէ։ Մինչդեռ ՄԱԿ-ի կառուցներում Հայաստանը ակտիվ դերակատարում ունի ցեղասպանությունների կանխարգելման տարաբնույթ նախաձեռնություններում։ Ուստի,  Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը արտաքին քաղաքականության օրակարգում չլինելը, չի կարող արգելք հանդիսանալ, որ պաշտոնական Երևանը կարողանա գործիքայնացնել Իսրայելի կողմից  Հայոց ցեսպանության ճանաչման փաստը։ Աշխատանքի ու հետևողականության դեպքում այն կարող է նաև նպաստել երկկողմ հարաբերություններում նոր օրակարգի ձևավորմանը։

Panorama.am- Իսրայելի ԱԳ նախարարի կողմից նախաձեռնած այս գործընթացն ինչպե՞ս կարող է  ազդել հայ-թուրքական «կարգավորվող» հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման վրա։
Վահրամ Տեր-Մաթևոսյան-Շատ բան կախված է Երևանի արձագանքից։

Panorama.am-Շնորհակալ եմ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը կարող է նոր օրակարգ ձևավորել. Վահրամ Տեր-Մաթևոսյան