Փաշինյանն ընդգծել է ՀՀ ժողովրդավարական գործընթացներին և բարեփոխումների օրակարգի առաջմղմանը ԵՄ աջակցության կարևորությունը
Քաղաքական
14:50 30/06/2026
Հայաստան

Փաշինյանն ընդգծել է ՀՀ ժողովրդավարական գործընթացներին և բարեփոխումների օրակարգի առաջմղմանը ԵՄ աջակցության կարևորությունը

Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

ՀՀ կառավարության հաղորդմամբ, դեսպան Մարագոսը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում անցկացված համապետական խորհրդարանական ընտրությունների արդյունքների առիթով։ Ընդգծվել է Եվրոպական միության պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի հետ՝ ի նպաստ ժողովրդավարական արժեքների ամրապնդման, կայունության և զարգացման։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը և անդամ պետություններին՝ ընտրությունների առիթով հնչեցված գնահատականների և շնորհավորանքների համար։ Ն.Փաշինյանն ընդգծել է Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին և բարեփոխումների օրակարգի առաջմղմանը Եվրոպական միության աջակցության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Եվրամիություն համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր։ Մտքեր են փոխանակվել բարեփոխումների օրակարգի, իրավունքի գերակայության ամրապնդման, տնտեսական համագործակցության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ դիմակայունության, ինչպես նաև տարածաշրջանային կայունության և խաղաղության օրակարգի շուրջ։

Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրամիություն գործընկերության հետագա խորացմանն ուղղված քայլերին։ Կարևորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունը և փոխգործակցության ընդլայնումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանն ընդգծել է ՀՀ ժողովրդավարական գործընթացներին և բարեփոխումների օրակարգի առաջմղմանը ԵՄ աջակցության կարևորությունը