Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը, «Երկիր մեդիա»-ն տուգանվել է. ՀՌՀ նոր որոշումները
Իրավունք
13:29 30/06/2026
Հայաստան

Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը, «Երկիր մեդիա»-ն տուգանվել է. ՀՌՀ նոր որոշումները

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունիսի 30-ին գումարեց հերթական նիստը։ Հաստատելով նիստի օրակարգը՝ ՀՌՀ-ն քննարկեց հետևյալ հարցերը՝

  1. «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊԸ ներկայացրած տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ:
  2. «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ» ՍՊԸ հեղինակազորման վկայագրի գործողությունը դադարեցնելու դիմումի վերաբերյալ:
  3. Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային և մարզային` ՀՀ Արմավիրի մարզի տարածքում սփռման մրցույթներ հայտարարելու վերաբերյալ:
  4. Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների ցանկը հրապարակելու և հայտերի հրապարակման օր սահմանելու վերաբերյալ:
  5. «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 21 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

Առաջին հարցով ՀՌՀ-ն որոշեց հաստատել «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊԸ տեսալսողական ծրագրի վերաբերյալ ծանուցումը։

Այնուհետև Հանձնաժողովը որոշեց բավարարել «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ» ՍՊԸ դիմումը և 2026թ․ հուլիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել Ընկերությանը 2021թ․ փետրվարի 3-ին տրամադրված հեղինակազորման վկայագիրը։

Տարածած հաղորդագրության համաձայն, հանձնաժողովն իրականացրել է «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության «ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ» տեսալսողական ծրագրի 2026թ․ հունիսի 3-ի տեսագրության մշտադիտարկում, որի արդյունքում արձանագրվել են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի և «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների հասցվող օգտագործման հետևանքով առողջությանը վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի դրույթների պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ։

Արձանագրության համաձայն՝ Հեռարձակողի ծրագրով հունիսի 3-ին հեռարձակված «Շնագայլ» ֆիլմը պարունակել է ծխելու տեսարաններ, սակայն ֆիլմի մեկնարկը չի ուղեկցվել «Ծխելը վնասում է ձեր առողջությանը» գրառմամբ։

Հանձնաժողովը որոշեց «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 33-րդ մասով սահմանված վարչական տույժը՝ տուգանելով 100․000 ՀՀ դրամով: Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder