Պարագվայի նախագահն Աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականին հաղթելու պատվին երկրում հայտարարել է ոչ աշխատանքային օր
Աշխարհում
10:20 30/06/2026
Աշխարհ

Պարագվայի նախագահն Աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականին հաղթելու պատվին երկրում հայտարարել է ոչ աշխատանքային օր

Պարագվայի նախագահ Սանտյագո Պենյան  երկրում հայտարարել է  ոչ աշխատանքային օր՝ 2026 թվականի Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլում Գերմանիայի նկատմամբ ազգային հավաքականի սենսացիոն հաղթանակից հետո։

1/16 եզրափակիչ խաղում Պարագվայը հաղթել է Գերմանիային 11 մետրանոց հարվածաշարում (1-1, 11 մետրանոց հարվածաշարում 4-3) և անցել հաջորդ փուլ։

«Պարագվայը երբեք չի հանձնվում», - գրել է նախագահը իր սոցիալական ցանցերի էջում՝ կցելով ոչ աշխատանքային օր հայտարարելու հրամանագիրը։

euro-football.ru-ի հաղորդմամբ, 1/8 եզրափակիչում Պարագվայը կմրցի Ֆրանսիա-Շվեդիա խաղի հաղթողի հետ։

Նշենք, որ Պարագվայը վերջին անգամ Աշխարհի առաջնությունում խաղացել է 2010 թվականին։ Այդ մրցաշարում թիմը հասել է քառորդ եզրափակիչ։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Պարագվա-Գերմանիա խաղի մասին գրել է.

«Հերթական մեծ հիասթափությունը

Մի առիթով ասել եմ, որ ֆուտբոլի աշխարհի առաջնություններին հետևում եմ 1986 թվականից։ Հենց այդ առաջնությունից սկսած իմ մշտական ֆավորիտը եղել է Գերմանիայի հավաքականը։ Այդ համակրանքը ձևավորվել է գերմանական ֆուտբոլի լեգենդ Լոթար Մատթեուսի շնորհիվ, որի խաղն ու առաջնորդի կերպարը երկար տարիներ մարմնավորում էին գերմանական ֆուտբոլի ուժն ու հաղթողի հոգեբանությունը։

Ցավոք, վերջին տասնամյակը Գերմանիայի հավաքականի համար հաջող չի դասավորվում։ 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնություններում այն նույնիսկ չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը՝ արձանագրելով իր պատմության ամենացավոտ անհաջողություններից մի քանիսը։

Այս աշխարհի առաջնությունում, համեմատած նախորդ երկուսի հետ, թվում էր՝ իրավիճակը փոքր-ինչ փոխվել է։ Թիմը վերջապես հաղթահարեց խմբային փուլը և դուրս եկավ փլեյ-օֆֆ, ինչը վերջին տարիների ֆոնին արդեն իսկ որոշակի առաջընթաց էր։

1/16 եզրափակչում Գերմանիայի մրցակիցը Պարագվայի հավաքականն էր, և շատերը գերմանացիներին համարում էին հանդիպման ակնհայտ ֆավորիտ։

Սակայն հիմնական և լրացուցիչ ժամանակներում հաղթող չորոշվեց։ Ամեն ինչ հանգեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարին, որտեղ կրկին բոլորի հույսը լեգենդար Մանուել Նոյերի վրա էր։
Սակայն այս անգամ էլ հրաշք տեղի չունեցավ։ Գերմանիայի հավաքականը լքեց մրցաշարը՝ իր երկրպագուներին թողնելով հերթական մեծ հիասթափության զգացումով։

Որպես այս հավաքականի գրեթե չորս տասնամյակ երկրպագած մարդ՝ դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ համաշխարհային ֆուտբոլի ամենահզոր դպրոցներից մեկը դեռևս չի կարողանում վերագտնել իր նախկին ուժն ու հաղթողի հոգեբանությունը...»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder