Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այաթոլլահ Ալի Խամենեիի հուղարկավորության միջոցառումները կտևեն մի քանի օր, կանցկացվեն մի քանի քաղաքներում. Չվերթները կչեղարկվեն, սգավորների մուտքը խիստ կվերահսկվի
Ամիսներ տևած հետաձգումներից հետո Թեհրանը կազմակերպում է հանգուցյալ Այաթոլլահ Ալի Խամենեիի վեցօրյա հուղարկավորության արարողությունը մի քանի քաղաքներում՝ խիստ անվտանգության և Հորմուզի, միջուկային և պատժամիջոցների հարցերի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների ֆոնին։ Պաշտոնական տվյալներով՝ արարողությունները կտևեն հուլիսի 4-ից մինչև հուլիսի 9-ը և կանցկացվեն Թեհրանում, Ղոմում և Մաշհադում։
Սգո միջոցառումները կսկսվեն Թեհրանում շաբաթ և կիրակի օրերին՝ Մոսալլա աղոթքի համալիրում, որը Թեհրանի խոշորամասշտաբ պետական կրոնական հավաքույթների գլխավոր վայրն է։
Մոսալլայում են, թարգմանաբար նշանակում է «աղոթատեղի», անցկացվել Իսլամական Հանրապետության բարձրաստիճան գործիչների հուղարկավորությունները, այն ծառայում է որպես պետական սգո արարողությունների խորհրդանշական կենտրոն։
Հրաժեշտի գլխավոր արարողությունը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ Իմամ Հոսեյնի հրապարակից մինչև Ազադի կամ «Ազատության» հրապարակ 10 կիլոմետրանոց երթուղով՝ հսկայական հանրային վայր, որը եղել է Իրանի պատմության մեջ ամենակարևոր զանգվածային հավաքույթների վայրը՝ 1979 թվականի իսլամական հեղափոխությունից մինչև երկրի ամենամեծ բողոքի ցույցերը։
Այնուհետև Իրանի զոհված հոգևոր առաջնորդի մարմինը կտեղափոխվի Իրաք, որտեղ արարողություններ են նախատեսված Նաջաֆում և Քարբալայում՝ շիական իսլամի երկու ամենասուրբ քաղաքներում, որտեղ գտնվում են Առաջին Իմամ Ալիի և Երրորդ Իմամ Հուսեյնի դամբարանները։ Վերջին հուղարկավորությունը տեղի կունենա Մաշհադում հուլիսի 9-ին։
Euronews-ի փոխանցմամբ՝ թաղման միջոցառումները համակարգում է «Բասիջ» կիսառազմական կազմակերպությունը։ Թեհրանի 22 շրջաններից յուրաքանչյուրը կընդունի Իրանի 31 նահանգներից ժամանած սգավորների: Ակնկալվում է, որ չվերթները կչեղարկվեն, և խոշոր քաղաքներ մուտքը խստորեն կվերահսկվի: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (IRGC) հանձնարարվել է գլխավոր քաղաքներում անվտանգության և ամբոխի վերահսկողության գործողություններ: Առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի գլխավորած կոմիտեն շաբաթներ շարունակ վերահսկել է նախապատրաստական աշխատանքները:
Սակայն դեռևս պարզ չէ, թե արդյոք Մոջթաբա Խամենեին՝ Իրանի նոր այաթոլլան, որը հոր մահից հետո նշանակվելուց ի վեր հանրության առջև չի հայտնվել, կմասնակցի՞ արարողություններին, թե՞ ոչ։
Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին և վարչապետ Շեհբազ Շարիֆը հաստատել են, որ պաշտոնական պատվիրակություն կմասնակցի միջոցառմանը։
Դեռևս պարզ չէ, թե Պարսից ծոցի արաբական պետությունների (որոնցից մի քանիսը պատերազմի ժամանակ թիրախավորվել են իրանական հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով) կամ Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներից որ մեկը կմասնակցի և ինչ մակարդակով։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հրավիրել է մասնակցելու հանգուցյալ գերագույն առաջնորդի հուղարկավորությանը, սակայն Նյու Դելլիից դեռևս պաշտոնական արձագանք չկա։
Հրավերներ ունեն նաև Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը։ Այս երկրներից պաշտոնական արձագանք դեռևս չկա ։ Սակայն Իրանի ներքին գործերի նախարարը նշել է, որ արարողությանը մասնկացելու հայտ է ներկայացրել 30 երկիր։ Չնայած նրան, որ իսլամական աշխարհում ընդունված է հուղարկավորությունը կատարել կֆանով՝ սպիտակ կտոր, սակայն պաշտոնական արարողությունները կատարվում են փայտե դագաղով։