«Հրապարակ». Չի բացառվում, որ Գյումրու կառավարումն առաջիկայում ստանձնի Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը» դաշինքը
Օրվա մամուլ
08:31 01/07/2026
Հայաստան

«Հրապարակ». Չի բացառվում, որ Գյումրու կառավարումն առաջիկայում ստանձնի Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը» դաշինքը

«Հրապարակ» թերթը գրում է.

««Մենք Գյումրիում գյումրեցիների հետ միասին պետք է անցկացնենք ավագանու արտահերթ ընտրություններ և հաստատենք ժողովրդավարության իշխանություն, որպեսզի Գյումրին ծաղկի այնպես, ինչպես, օրինակ, ծաղկում է Արթիկը, հանրապետության մյուս քաղաքները և, ընդհանուր առմամբ, Հայաստանն է ծաղկում»,- քարոզարշավի ժամանակ Գյումրիում հայտարարել էր Փաշինյանը։

Այս հայտարարությունն իրավապահները որպես հերթական հրահանգ են ընկալել և Գյումրու իշխանությունների դեմ գործողություններ սկսել։ Հունիսի 25-26-ին էլ ՏԿԵՆ-ն է դեսանտ իջեցրել Գյումրու համայնքապետարան։ 2 օր քրքրել են` հատառհատ նայել փաստաթղթեր, ստուգել հաստիքացուցակները։

Մեր աղբյուրից տեղեկացանք, որ հատկապես խոշորացույցով նայել են ֆինանսական և ճարտարագիտական բաժինները, ապա իրենց հետ տարել ինչ-որ «կասկածելի» փաստաթղթեր՝ հավելյալ ստուգման համար: Երևանից եկածները գրեթե բառ չեն փոխանակել համայնքապետարանի աշխատողների հետ, մերժել են ցանկացած հյուրասիրություն։

Հիշեցնենք, որ Գյումրու ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 2025 թ. հոկտեմբերի 21-ից կալանքի տակ է՝ շորթման ու կաշառքի մեղադրանքով։ Գործով անցնում է ևս 8 պաշտոնյա, այդ թվում՝ գլխավոր ճարտարապետը։ Չնայած տոտալ ճնշումներին, Գյումրու ընդդիմությունն ամուր դիմադրություն է ցույց տալիս, և ՔՊ-ին չի հաջողվում ավագանու նիստերը տապալելով ճգնաժամ առաջացնել ու արտահերթ ընտրությունների գնալ:

Մեր տեղեկություններով, չի բացառվում, որ քաղաքի կառավարումն առաջիկայում ստանձնի Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը» դաշինքը, որը նոր անդամով է համալրվել։

Հուլիսի 3-ին ավագանու արտահերթ նիստ է նշանակված»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder