Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ներումը չի նշանակում մեղքի հարաբերականացում կամ պատմական հիշողության ջնջում, այլ ճշմարտության լույսի ներքո վերականգնում. Իսահակ Սրբազան
«Ներումը քրիստոնեական հայտնության հիմնարար իրականություններից է, որի միջոցով բացահայտվում է մարդու կոչումը. մարդն ստեղծված է Աստծու հետ հաղորդության համար»,- «Ներում և հաշտություն» վերնագրով գրառման մեջ նշել է Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը։
Իսահակ Սրբազանը շարունակել է. «Ներումը քրիստոնեական հայտնության հիմնարար իրականություններից է, որի միջոցով բացահայտվում է մարդու կոչումը. մարդն ստեղծված է Աստծու հետ հաղորդության համար։ Սուրբ Գրքի ամբողջ վկայությունը մարդուն ներկայացնում է ոչ թե որպես ինքնաբավ էակ, այլ որպես հարաբերական գոյություն, որի ինքնությունը ձևավորվում է Աստծու և մերձավորի հետ կենդանի հաղորդակցության մեջ (Ծննդ. 1:26–27, 2:18, Մատթ. 22:37–40, Մարկ. 12:29–31, Գաղատ. 5:14, Ա Հովհ. 4:7)։ Այդ պատճառով Քրիստոս մարդու և Աստծու հարաբերությունը անբաժանորեն կապում է մարդու և մերձավորի հարաբերության հետ. «Եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ չի ներելու ձեր հանցանքները» (Մտթ. 6:14–15)։ Այսպիսով, ներումը քրիստոնեական մարդաբանության մեջ հանդես է գալիս ոչ միայն որպես բարոյական պահանջ, այլև՝ աստվածային հաղորդության պայման։
Այս տեսանկյունից ներումը չի սահմանափակվում հոգեբանական հաշտությամբ կամ սոցիալական համակեցության միջոց լինելով։ Այն նախ և առաջ հարաբերությունների գոյաբանական վերականգնում է՝ Աստծու, մերձավորի և սեփական անձի հետ։
Քրիստոնեական ավանդությունը ներման մեջ տեսնում է նոր արարչագործության սկիզբը, քանի որ շնորհի միջոցով մարդը մասնակցում է նոր կյանքի իրականությանը (Հմմտ. Բ Կորնթ. 5:17)։ Հետևաբար, ներումը ոչ միայն արձագանք է գործված չարին, այլև մասնակցություն Աստծու փրկագործությանը։
Ներման կատարյալ արտահայտությունը բացահայտվում է Քրիստոսի Խաչի խորհրդի մեջ, որտեղ չարին տրված պատասխանը ոչ թե վրեժն է, այլ ինքնազոհ սերը։ Պողոս առաքյալը գրում է. «Աստված Իր սերը մեզ ցույց տվեց նրանով, որ երբ դեռ մեղավոր էինք, Քրիստոս մեզ համար մեռավ» (Հմմտ. Հռոմ. 5:8)։ Այստեղ ներման տրամաբանությունը դուրս է գալիս փոխհատուցման իրավական շրջանակից և մտնում է փրկագործական սիրո ոլորտ։ Չարի նկատմամբ հաղթանակը տեղի է ունենում ոչ թե դրա գոյության ժխտմամբ, այլ այն սիրով, որը թույլ չի տալիս, որ չարը դառնա պատմության վերջին խոսքը։
Քրիստոնեական ներումը երբեք չի կարող տարանջատվել ճշմարտությունից։ Շնորհը չի վերացնում մեղքի իրականությունը, այլ հաղթահարում է այն՝ մարդու դարձի և Աստծու ողորմության հանդիպման միջոցով։ Այդ պատճառով ներումը չի նշանակում մեղքի հարաբերականացում կամ պատմական հիշողության ջնջում, այլ ճշմարտության լույսի ներքո վերականգնում։ Այս գաղափարը հստակ արտահայտվում է նաև «Անառակ որդու առակի մեջ» (Ղուկ. 15), որտեղ վերադարձը սկսվում է ինքնաճանաչումից. «Հա՛յր, մեղք գործեցի երկնքի առաջ և քո հանդեպ»։ Միայն ճշմարտության այս խոստովանությունից հետո է հնարավոր որդիական հաղորդության վերականգնում։
Հաշտությունը, որպես ներման էկլեսիոլոգիական արտահայտություն, ենթադրում է ոչ միայն անհատների միջև խաղաղության հաստատում, այլ համայնքային կյանքի վերականգնում Քրիստոսի Մարմնի մեջ։ Այդ պատճառով Պողոս առաքյալը հորդորում է. «ներեք միմյանց, ինչպես Տերն էլ ներեց ձեզ» (Հմմտ. Կող. 3:13)։ Եկեղեցին ներկայանում է որպես հաշտության խորհուրդ (sacramentum reconciliationis), որտեղ կոտրված հարաբերությունները վերականգնվում են Սուրբ Հոգու շնորհով։ Նույն տրամաբանությամբ հարություն առած Քրիստոս առաքյալներին վստահում է ներման ծառայությունը. «Ում մեղքերը ներեք, ներված կլինեն» (Հովհ. 20:23)։ Այսպիսով, ներումը ոչ միայն անձնական առաքինություն է, այլև եկեղեցու առաքելության անբաժանելի բաղադրիչ։
Քրիստոնեական ներման կարևոր բաղադրիչներից է նաև հիշողության վերափոխումը։ Քրիստոնեական հավատը, ինչպես արդեն անդրադարձանք, չի պահանջում անցյալի մոռացում, այլ նրա փրկագործական վերաիմաստավորում։ Այդ պատճառով Պողոսը գրում է. «Եղեք միմյանց հանդեպ բարի, գթառատ, ներողամիտ, ինչպես Աստված Քրիստոսով ձեզ ներեց» (Հմմտ. Եփ. 4:32)։ Հիշողությունն այս դեպքում դադարում է լինել միայն ցավի, վերքի մտապահում և դառնում է շնորհով բժշկություն՝ անցյալի ընկալման վերափոխմամբ, քանի որ հավատացյալի ինքնությունը ձևավորվում է ոչ այնքան իր մեղքով, որքան Աստծուց ստացած ներմամբ։
Այսպիսով, ներումը բացահայտում է մարդու իրական կոչումը՝ դառնալու սիրո մեջ հաղորդակից անձ։ Այն սկիզբ է առնում ոչ թե մարդկային նախաձեռնությունից, այլ Աստծու նախընթաց շնորհից, որը մարդուն դարձնում է նոր սկզբի ունակ։ Ուստի հաշտությունը պետք է հասկանալ որպես մարդու մասնակցություն Աստծու փրկագործական հաղորդական շարժմանը, որով Քրիստոսով հաշտեցվում է աշխարհը Աստծու հետ (Բ Կորնթ. 5:18–19)։ Այս իմաստով ներումը դադարում է լինել պարզապես բարոյական պահանջ և դառնում է եկեղեցական գոյության եղանակ՝ որպես հաղորդության մեջ ձևավորվող և իրականացվող կյանք»։