Աշխարհի առաջնության հազարավոր երկրպագուներ ծախսել են հազարավոր դոլարներ ու մնացել են առանց տոմսերի. StubHub-ը հայտնվել է քննադատության կենտրոնում ու դատական քաշքշուկում
Իրավունք
21:55 02/07/2026
Աշխարհ

Աշխարհի առաջնության հազարավոր երկրպագուներ ծախսել են հազարավոր դոլարներ ու մնացել են առանց տոմսերի. StubHub-ը հայտնվել է քննադատության կենտրոնում ու դատական քաշքշուկում

2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում StubHub հարթակի միջոցով տոմսեր գնած բազմաթիվ երկրպագուներ վերջին պահին մնացել են առանց տոմսերի՝ չնայած ճանապարհորդության և կեցության համար հազարավոր դոլարներ ծախսելուն։ Այս մասին ահազանգում է BBC-ն։

Մեքսիկացի Սերխիո Էնրիկե Ալվարադո Մոնտալվոն StubHub-ում 1700 դոլար էր վճարել՝ հորը Հայրերի օրվա առթիվ անակնկալ մատուցելու և Արգենտինա–Ավստրիա հանդիպմանը տանելու համար։ Ընտանիքը Մեքսիկայից մեկնել էր Դալլաս՝ ճանապարհորդության և հյուրանոցների վրա ծախսելով գրեթե 6000 դոլար, սակայն խաղից մեկ օր առաջ StubHub-ը հայտնել էր, որ վաճառողը չի կարող տրամադրել տոմսերը։

Ընկերությունը հրաժարվել է նաև համարժեք փոխարինող տոմսեր առաջարկել՝ պատճառաբանելով, որ դրանց արժեքը զգալիորեն աճել է։

Չնայած դրան՝ ընտանիքը գնացել է մարզադաշտ՝ հույս ունենալով, որ խնդիրը կլուծվի։ Մոնտալվոն մինչև խաղի մեկնարկից մեկ ժամ առաջ հեռախոսով կապի մեջ է եղել StubHub-ի հետ, սակայն այդպես էլ չի ստացել տոմսերը։

Նման իրավիճակում է հայտնվել նաև Բոստոնից Էբեն Փինգրին։ Նրա կինը StubHub-ում 2800 դոլար էր վճարել Շոտլանդիա–Հայիթի հանդիպման տոմսերի համար՝ 11-ամյա որդուն անակնկալ մատուցելու նպատակով։ Սակայն խաղի օրը ընտանիքը նույնպես մնացել է առանց տոմսերի։

Մոնտալվոյի ընտանիքը հանդիպումը մարզադաշտից դիտելու փոխարեն երեկոն անցկացրել է Դալասի երկրպագուների փառատոնում։

Միաժամանակ աշխարհի առաջնության երկու երկրպագու՝ Ջուլի Ռիկեր Մոգալը և Ռուբեն Ռենտերիան, StubHub-ի դեմ խմբային հայց են ներկայացրել՝ հայտարարելով, որ վճարել են առնվազն 1900 դոլար, սակայն այդպես էլ չեն ստացել իրենց տոմսերը։

Հայցադիմումում նշվում է, որ երկրպագուները մեծ գումարներ են վճարել, սակայն արդյունքում կրել են զգալի ֆինանսական վնասներ։ StubHub-ը հրաժարվել է մեկնաբանել դատական գործը, ՖԻՖԱ-ն չի արձագանքել BBC-ի հարցմանը։

Տոմսերի շուրջ ստեղծված իրավիճակը փոխադարձ մեղադրանքների պատճառ է դարձել։ StubHub-ը հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի նոր տոմսային հավելվածը տեխնիկական խնդիրներ է ունեցել, որոնք խոչընդոտել են վերավաճառված տոմսերի փոխանցմանը։

Ի պատասխան՝ ՖԻՖԱ-ն նշել է, որ իր պաշտոնական կայքը միակ երաշխավորված վաճառքի հարթակն է և չի կարող պատասխանատվություն կրել երրորդ կողմից ձեռք բերված տոմսերի համար։ Կազմակերպությունը նաև հայտարարել է, որ իր համակարգը գործում է հուսալիորեն, իսկ աշխարհի առաջնության հանդիպումներին արդեն մասնակցել է ավելի քան 5 մլն մարդ։

Փաստաբան Բրեդֆորդ Քլեմենթսը, որը ներկայացնում է StubHub-ի դեմ ավելի քան 2,4 մլն դոլարի պահանջներ ունեցող հաճախորդների շահերը, հայտարարել է, որ ընկերության բողոքարկման ընթացակարգը չափազանց բարդ է և հաճախ սպառողներին ստիպում է հրաժարվել փոխհատուցման պահանջից։ StubHub-ը հրաժարվել է մեկնաբանել նաև այս հայտարարությունները։

Առայժմ հայտնի չէ, թե քանի մարդ է տուժել StubHub-ից կամ այլ վերավաճառքի հարթակներից ձեռք բերված տոմսերի պատճառով։ Համացանցում հարյուրավոր դժգոհություններ են հրապարակվել, իսկ որոշ տեղեկությունների համաձայն՝ չեղարկված տոմսերի թիվը կարող է հասնել հազարների։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder