Ի՞նչ են ընտրում հայ ընթերցողները
Կրթություն, գիտություն
08:54 02/07/2026
Հայաստան

Ի՞նչ են ընտրում հայ ընթերցողները

Հայաստանի Ազգային գրադարանը ներկայացրել է հունիսին ամենապահանջված գեղարվեստական գրքերի տասնյակը՝ հիմնված ընթերցողների սպասարկման վիճակագրության վրա։ Ազգային գրադարանից նշում են, որ այս ցանկը ոչ միայն արտացոլում է ընթերցողական հետաքրքրությունները, այլև մեկտեղում է տարբեր ժամանակների ու գրական ուղղությունների այնպիսի ստեղծագործություններ, որոնք շարունակում են գտնել նոր ընթերցողներ։

Ալեքսանդր Պուշկին-«Փոքրիկ ողբերգություններ» (36 սպասարկում)

Ռուս դասականի փիլիսոփայական դրամաները բացահայտում են մարդու կրքերի, իշխանության, փառասիրության և խղճի հավերժական բախումները։

Թենեսի Ուիլյամս-«Ցանկություն անունով տրամվայը․ Դաջված վարդը․ Իգուանի գիշերը»

Հոգեբանական խորությամբ այս պիեսները ներկայացնում են մարդկային փխրունությունը, սիրո, մենության և արժանապատվության պայքարը։

Վարդգես Պետրոսյան-«Վերջին ուսուցիչը»

Հայ իրականության ֆոնին հեղինակը պատմում է մտավորականի պատասխանատվության, արժանապատվության և ժամանակի փոփոխությունների մասին։

Էռնեստ Հեմինգուեյ-«Եվ ծագում է արևը (Ֆիեստա)»

«Կորուսյալ սերնդի» խորհրդանշական վեպը պատերազմի հետևանքներն ու կյանքի իմաստի որոնումն է ներկայացնում երիտասարդների ճակատագրերի միջոցով։

Հերման Հեսսե-«Սիդհարթա»

Արևելյան իմաստությամբ ներշնչված այս վիպակը մարդու ինքնաճանաչման և հոգևոր կատարելության որոնման պատմությունն է։

Մարիո Պյուզո-«Կնքահայրը»

Ընտանիքի, իշխանության և հավատարմության մասին համաշխարհային բեսթսելերը բացահայտում է մաֆիայի ներքին աշխարհն ու նրա օրենքները։

Էրիխ Մարիա Ռեմարկ-«Երկինքն ընտրյալներ չունի»

Սիրո և կյանքի անցողիկության մասին հուզիչ վեպ, որտեղ յուրաքանչյուր պահ ձեռք է բերում առանձնահատուկ արժեք։

Ագաթա Քրիստի-«Անվերջանալի գիշեր»

Սպասելի ավարտից հեռու այս հոգեբանական դետեկտիվը մինչև վերջին էջը պահում է լարվածությունն ու անակնկալը։

Օրհան Փամուք-«Իմ անունը կարմիր է»

Արևելքի և Արևմուտքի մշակութային բախման ֆոնին կառուցված վեպ, որտեղ արվեստը, սերը և սպանությունը միահյուսվում են մեկ պատմության մեջ։

Գուրգեն Խանջյան-«Համբերություն քեզ, մա՛րդ»

Ժամանակակից հայ արձակի այս ստեղծագործությունը մարդկային տոկունության, ներքին պայքարի և հույսը չկորցնելու մասին է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder