Հայկական FairWind ռոք խումբը թողարկեց իր նոր ալբոմը
Հասարակություն
13:17 03/07/2026
Հայաստան

Հայկական FairWind ռոք խումբը թողարկեց իր նոր ալբոմը

Երկու ու կես տարվա աշխատանքից հետո հայկական FairWind ռոք խումբը թողարկեց իր նոր՝ «Սեր, կրակ և ռաքնռոլ» ալբոմը։ Ալբոմի փակ, ընտանեկան շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 27-ին՝ STOP ակումբում՝ համախմբելով FairWind-ի շուրջ ձևավորված մեծ ընտանիքին և այն մարդկանց, որոնք խմբի 19-ամյա ճանապարհի անբաժան մասն են եղել։

2007 թվականին հիմնադրված FairWind-ի համար այս թողարկումը գրեթե քսանամյա պատմության նոր գլուխ է։ Երաժիշտներն ալբոմը նկարագրում են որպես պատմություն իրականության, սիրո, ներքին կրակի, երազանքների և սեփական «ես»-ին հավատարիմ մնալու մասին։

Խմբի հիմնադիր Վարդգես Հովեյանի խոսքով՝ «Սեր, կրակ և ռաքնռոլ»-ը սինեմատիկ երաժշտական ստեղծագործություն է, որը կարելի է ընկալել և՛ որպես մեկ ամբողջական ստեղծագործություն, և՛ որպես ինը առանձին երգերի հավաքածու։ Այս ալբոմով խումբը շարունակում է հավատարիմ մնալ հայալեզու ռոք երաժշտություն ստեղծելու իր նպատակին և փորձում է հնարավորինս քաջալերել իր երկրպագուներին, որպեսզի նրանք երբեք չդադարեն երազել, գործել, սիրել և ապրել։

«Սեր, կրակ և ռաքնռոլ» ալբոմն արդեն հասանելի է բոլոր սթրիմինգային հարթակներում, իսկ շուտով կթողարկվի նաև վինիլային տարբերակով։

 «Սեր, կրակ և ռաքնռոլ»-ը կարող եք լսել՝ անցնելով հետևյալ հղումով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder