Ախալքալաքի բնակիչները կդիմեն կառավարությանը, նամակ կուղարկեն Վրաստանի վարչապետին
Տարածաշրջան
22:22 03/07/2026
Տարածաշրջան

Ախալքալաքի բնակիչները կդիմեն կառավարությանը, նամակ կուղարկեն Վրաստանի վարչապետին

Ախալքալաքի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել՝ կառավարությանը դիմելու համար։ Jnews-ի հաղորդմամբ, Սուլդա գյուղի նախաձեռնող խումբը նամակ-խնդրագիր է կազմել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ խնդրելով նրան լուծել Ախալքալաք-Կարծախ ճանապարհի ծայրահեղ ծանր վիճակը, քանի որ բնակիչներն այլևս չեն կարողանում հանդուրժել դրա անանցանելի վիճակը, որը զգալիորեն ազդում է տեղի բնակչության կյանքի որակի վրա։

Նամակը կուղարկվի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին, իսկ պատճենները նախատեսում են ուղարկել Վրաստանի ճանապարհների դեպարտամենտին և Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությանը։

Նամակում բնակիչները մասնավորապես նշել են. «Մենք՝ այս ճանապարհով ստիպված երթևեկող մարդիկ, հանդուրժում ենք անտանելի անհարմարություններ։ Մենք՝ տրանսպորտային միջոցներ չունեցող բնակիչներս, չենք կարող գնալ մունիցիպալ կենտրոն, քանի որ նույնիսկ տաքսիները հրաժարվում են գնալ մունիցիպալիտետի այս հատվածում գտնվող գյուղեր։ Իսկ նրանք, ովքեր ունեն տրանսպորտային միջոց, ամեն անգամ առնվազը վնասում են իրենց մեքենաների անվադողերը։

Արտակարգ իրավիճակում, չնայած շտապօգնության մեքենայի ժամանմանը կարող է պահանջվել 15-20 րոպե, ճանապարհների անանցանելի վիճակը կարող է երկարացնել սպասման ժամանակը 1.5-ից մինչև 2 ժամ, ինչը սպառնում է հիվանդի կյանքին և նրա վիճակին։ Վտանգի տակ են մոտակա գյուղերի բոլոր բնակիչների կյանքն ու բարօրությունը։

Պարզապես անտանելի է մնալ այս իրավիճակում, բայց մենք այլ ելք չունենք։ Մենք չենք կարող չգնալ մունիցիպալ կենտրոն, մեր գյուղերն այդքան էլ լավ չեն ապահովված բոլոր ծառայություններով և ապրանքներով, որ հազվադեպ մեկնենք մունիցիպալ կենտրոն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder