Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Իյա՛, բարև ձեզ, տունը մարդ կա՞. Համաձայն չեմ, որ ՔԿ նախագահը հովին սուրճ խմի ու աշխատավարձ ստանա». Խարդախության զոհ դարձած քաղաքացիների խնդիրը չի լուծվում
«Այստեղ հավաքված քաղաքացիները զուտ վիճակագրություն չեն, այլ իրական մարդիկ են, ովքեր կորցրել են գումարներ, շարժական և անշարժ գույքեր ներդրումային խարդախությունների և կիբերհանցագործությունների պատճառով»։ Այս մասին Քննչական կոմիտեի շենքի մոտ անցկացված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ներդրումային խարդախություններից տուժած քաղաքացիների խնդիրները բարձրաձայնող հասարակական գործիչ Մհեր Կարագյոզյանը։

Նրա խոսքով՝ պետությունը պետք է պատասխանատվություն կրի քաղաքացիների առաջ, իսկ տուժող ճանաչելը և քննչական գործերը երկար ժամանակ ձգձգելը խնդրի լուծում չէ։
«Որևէ քաղաքացու իրավունք մինչ այս պահը չի վերականգնվել, որևէ հանցագործ, որևէ ներդրումային խարդախության կազմակերպիչ այս պահին ռեալ պատիժ չի կրում, և քաղաքացին ուղղակի մնացել է կոտրած տաշտակի առաջ»,- ասաց նա։
Ակցիայի մասնակիցը հայտարարեց, որ պահանջում են Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հրաժարականը՝ պնդելով, որ կիբերհանցագործությունների և ներդրումային խարդախությունների դեմ պայքարը ձախողվել է։
Քննադատելով պետական մարմինների աշխատանքը՝ նա նշեց. «Իյա՛, բարև ձեզ, տունը մարդ կա՞։ Համաձայն չեմ, որ Քննչական կոմիտեի նախագահը նստի կոնդիցիոների հովին, սուրճ խմի, աշխատավարձ ստանա, ես էլ այսպես պայքարեմ, որ կառավարությունը նման որոշում կայացնի»։

Մհեր Կարագյոզյանի խոսքով՝ իրենք պետական մարմիններին առաջարկել են ստեղծել հատուկ ֆոնդ, որտեղ կուղղվեն իրավապահների կողմից հայտնաբերված և առգրավված միջոցները՝ տուժող ճանաչված քաղաքացիներին փոխհատուցում տրամադրելու նպատակով։
«Մենք առաջարկել ենք այդ գումարների հաշվին ստեղծել պետական ֆոնդ, որ եթե քաղաքացիներին տուժող եք ճանաչում, ապա նրանց իրավունքները պետք է վերականգնվեն հենց այդ ֆոնդի հաշվին»,- ասաց նա՝ հավելելով, որ առաջարկը ներկայացվել է մի շարք պետական կառույցների, սակայն արձագանք դեռ չկա։
Նա նաև անդրադարձավ հասարակության վերաբերմունքին՝ նշելով, որ բազմաթիվ քաղաքացիներ այլևս չեն ցանկանում հրապարակայնորեն խոսել իրենց խնդիրների մասին։
«Քաղաքացիները գումարները կորցնելուց բացի կորցրել են նաև պետության նկատմամբ իրենց վստահությունը»,- ընդգծեց նա։
Ակցիայի ավարտին ակցիայի մասնակիցը կրկին վերահաստատեց հիմնական պահանջը՝ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հրաժարականը՝ կոչ անելով կառավարությանը գնահատել կառույցի աշխատանքի արդյունքները և պարզել, թե քանի տուժողի իրավունք է փաստացի վերականգնվել։