Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրենալին, մատանի և ձեռնաշղթաներ. Նյու Յորքի ամենավտանգավոր նշանադրությունը
Սոցցանցերում հայտնի էքստրեմալ զույգը, որը չորեքշաբթի ձերբակալվել էր Նյու Յորքի «Էմփայր Սթեյթ Բիլդինգ» երկնաքերի գագաթ բարձրանալու համար, հայտարարել է, որ այդ քայլով ցանկացել է յուրահատուկ դարձնել իր նշանադրությունը։
Ըստ մեղադրանքի՝ 32-ամյա Իվան Կուզնեցովը և 33-ամյա Անջելինա Նիկոլաուն գիշերը գաղտնի մուտք են գործել Մանհեթենի հայտնի երկնաքերը, իսկ հաջորդ առավոտյան բարձրացել են ավելի քան 427 մետր բարձրությամբ ալեհավաքը։
Զույգն այդ բարձունքից բացել է սև պաստառ, որի վրա գրված էր. «Երբ սիրո ուժը հաղթում է իշխանության սիրուն, աշխարհը ճանաչում է խաղաղությունը»։ Այնուհետև նրանք իջել են ալեհավաքի հարթակ, որտեղ Կուզնեցովը ծնկի է իջել և ամուսնության առաջարկ արել Նիկոլաուին։
Քննիչներին Կուզնեցովը հայտնել է, որ ցանկանում էր նշանադրությունն իսկապես առանձնահատուկ դարձնել։
Իրավապահների տվյալներով՝ զույգը մուտք է գործել շենքի մի շարք սահմանափակ գոտիներ, այդ թվում՝ կոտրել է 104-րդ հարկի անվտանգության դռան փականը, որը տանում է դեպի ալեհավաք։ Պատճառված վնասը գնահատվել է շուրջ 2000 դոլար։
Զույգին մեղադրանք է առաջադրվել ապօրինի ներխուժման, մարդկանց կյանքը վտանգի ենթարկելու և գույքը վնասելու հոդվածներով։ Դատարանը նրանց ազատ է արձակել՝ պարտավորեցնելով պարբերաբար ներկայանալ իրավապահ մարմիններին։
Դատարանից դուրս գալուց հետո Կուզնեցովն ու Նիկոլաուն լուսանկարվել են մետրոյի կայարան մտնելիս՝ համբուրվելիս։
Տեղական հեռուստաընկերության տեսախցիկները ֆիքսել են այն պահը, երբ Կուզնեցովը ալեհավաքի վրա ամուսնության առաջարկ է անում Նիկոլաուին։ Քիչ անց վերջինս սոցիալական ցանցերում հրապարակել է նշանադրության մատանու լուսանկարը։
Նիկոլաուն և Կուզնեցովը հայտնի են երկնաքերեր և կամուրջներ բարձրանալու վտանգավոր հնարքներով, որոնք հրապարակում են սոցիալական ցանցերում։ Նրանք նաև դարձել են «Skywalkers: A Love Story» վավերագրական ֆիլմի հերոսները։