Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանը կարող է միջազգային բնապահպանական հանրությանը ներկայանալ նոր մոդելով
Հայաստանի Հանրապետության նախագահությունը COP 17-ի շրջանակներում միջազգային դաշտ մի քանի թեմաներ է առաջ բերում։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանի խոաքով՝ դրանցից է այլընտրանքային պահպանվող հողատարածքները՝ ոչ պետական, մասնավոր կերպով կառավարվող կամ համայնքային։
«Այս թեման վերջին 2-3 տարիներին բավականին մեծ աշխուժություն է առաջացրել միջազգային հարթակներում՝ տարբեր քննարկումներում և Հայաստանի COP 17-ը այդ իմաստով անմասն չի մնալու։Նույնիսկ ավելին, կարծում եմ, մենք հնարավորություն ունենք այն չստացված չափանիշը, որը գլոբալ իմաստով ամբողջովին տանուլ ենք տվել այս պահի դրությամբ, ինչը նկատելի է արդեն բոլոր այն երկրների տվյալներով, որոնք ներկայացվելու են Հայաստանում, մեծ հնարավորություն կա, որպեսզի ոչ պետական մասնակցությամբ պայմանավորված կարողանալ բավարարել այդ տոկոսը»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ աշխարհը սահմանել է հասնել 30x30 թիրախին։ Այսինքն՝ մինչև 30 թ․-ը ամբողջ աշխարհում պահպանվող տարածքների մակերեսը պետք է հասցնել ողջ մոլորակի մինչև 30 տոկոսին։ Հայաստանը թիրախ է սահմանել ապահովել երկրի ցամաքային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի 20%-ի արդյունավետ պահպանումը մինչև 2030 թվականը։
Փաստացի այս թիրախը սահմանած երկրները չեն կարողանում ավելացնել պահպանվող տարածքների թիվը։
«Աստեղ Հայաստանը, որքան էլ նոր է ճանաչել Այլընտրանքային պահպանվող տարածքների մոդելը, իհարկե, որոշ խնդիրներ կան, որ պետք է ավելի բացվեն՝ այդ օրենքի սահմանումները, կառավարման մոդելները և այլն, բայց այս պահի դրությամբ հողի վրա ունենք թե՛ Կովկասյան կենսաբազմազանության տարածքի մոդելը և թե՛ ուրեմն WWF Հայաստանի մոդելը, որոնք հիմնականում համայնքային պահպանվող տարածքներ են։ Սա ստացված մոդել է և բավականին տեսանելի, ընկալելի է գլոբալ դաշտում։ Վստահ եմ՝ այս ուղղությունը կոնկրետ հավակնում է դառնալ նույնիսկ Հայաստանի համար կարևոր խաղաքարտ, նաև առաջիկա երկու տարիների ընթացքում տարբեր միջոցառումներում, տարբեր COP-երում առաջ տանելու և հասցնելու իր նպատակին»,-մանրամասնեց Խաչատրյանը։
Նրա համոզմամբ՝ այս մոդելով Հայաստանը կարող է միջազգային բնապահպանական հանրությանը ներկայանալ և ուղորդել թիրախին հասնելու ճանապարհը։
«Ներգրավելով թե՛ մասնավոր, թե՛ բիզնես սեկտորին, որովհետև գումարները այնտեղ են, ինչպես գիտեք, և պետության համար բավականին դժվար կլինի միանձնյա վերցնել և իրականացնել 30 տոկոսի պահպանությունը։ Նույնիսկ ամենահարուստ երկրների մակարդակով դա բավականին «ծանր» բեռ է, իսկ մասնավոր սեկտորը այստեղ կարևոր դերակատարում կարող է ունենալ»,- հավելեց Խաչատրյանը։
Ռուբեն Խաչատրյանը բերում է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) օրինակը, որն ընդգրկում է շուրջ 30,000 հեկտար տարածք։
Ի դեպ, այն Հարավային Կովկասում առաջին մասնավոր պահպանվող տարածքն է: Տարածքը վայրի բնության անհետացող տեսակների և տեղի հազվագյուտ ֆլորայի հարուստ բազմազանության համար է։ Նրա պահպանվող լանդշաֆտներն ապահով միջավայր են այնպիսի վտանգված տեսակների համար, ինչպիսիք են կովկասյան հովազը, հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, գորշ արջը և բազմաթիվ անհետացող ու խոցելի թռչնատեսակներ: Միևնույն ժամանակ, տարածքը նպաստում է էնդեմիկ և տեղական բուսական համակեցությունների լայն տեսականու պահպանմանը, որոնք հարմարված են տարածաշրջանի յուրօրինակ կլիմային և տեղանքին:Տարածքը հսկվում է ինչպես էկոպարեկների, այնպես էլ տեսանկարահանող սարքերի ու դռոնների օգնությամբ։
Եթե պետության հսկողության ներքո գտնվող տարածքներին ավելանա նաև այս և այլ մասնովոր ընկերությունների կողմից պահպանվող կենսաբանական բազմազանության տարածքներ, ապա թիրախին հասնելու ցուցանիշը կավելնա։ Իհարկե՝ ոչ շատ, սակայն ամեն դեպքում քայլ է մոտենալ թիրախին։ Հայաստանի 13,1 %-ը Բնության հատուկ պահպանվող տարածքներն (ԲՀՊՏ) են։ Ըստ Խաչատրյանի՝ նոր մեթոդաբանության արդյունքում, այս ցուցնիշը կավելանա մոտ 2 տոկոսով։
«Մենք առաջիններից էինք, որ հիմնեցինք ապաստարանը, հիմա արդեն Վրաստանում մեր գործընկերը՝ «Սաբուկո»-ն, բավականին մեծ տարածք փորձում է կառավարել և պահպանել։ Հետևաբար, կարծում եմ, որ այս մոդելը կհետաքրքրի շատ երկրների»։
Այս ամենով հանդերձ, խիստ կարևոր է կառավարման մոդելը, քանի որ խոսքը զուտ տարածքի ավելացման մասին չէ։
«Այսինքն՝ խնդիրը ոչ թե արհեստականորեն տոկոսային պահպանվող տարածքն ավելացնելն է, այլև բովանդակային խնդիր կա։ Շատ պետություններ ուղղակի զուտ լրացնելու համար, որ հասան այդ մոդելին, իրենց համար կարող է շատ հետաքրքիր դառնա այս մոդելը, բայց սա միայն բովանդակության մասին պետք չէ, պետք է քննարկումների արդյունքում գտնել ճիշտ կառավարման մոդելը»,- նշեց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ օրինակ Հայաստանի Հանրապետությունը, ընդունելով Այլընտրանքային պահպանվող տարածքների մասին նոր օրենք, չի արգելափակել կամ սահմանափակել հանքարդյունաբերողների գործունեություններն այդ տարածքներում։
«Ես կարծում եմ, որ ուղղակի դա անհամատեղելի է խոսել պահպանվող տարածքի կենսաբազմազանության տեսանկյունից և ունենալ հանքարդյունաբերություն նույն տարածքում»,-շարունակեց նա։
Լուսանկարում՝ Ռուբեն Խաչատրյան
