Եվրոպայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են հազարավոր մարդիկ
Հասարակություն
15:15 06/07/2026
Աշխարհ

Եվրոպայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են հազարավոր մարդիկ

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում վերահսկողությունից դուրս եկած խոշոր անտառային հրդեհները շարունակում են լուրջ վտանգ ներկայացնել Իսպանիայի սահմանի մերձակա բնակավայրերի համար՝ հայտնում է Reuters-ը։

Աղետի հետևանքով շուրջ 10 հազար մարդ տարհանվել է ավելի քան երկու տասնյակ փոքր քաղաքներից և գյուղերից։ Պաշտոնյաների գնահատմամբ՝ երկուշաբթի սպասվող ուժեղ քամիները կարող են էլ ավելի բարդացնել իրավիճակը և նպաստել կրակի արագ տարածմանը։

Ֆրանսիական Պիրենեյների ստորոտում բռնկված հրդեհն արդեն ընդգրկել է մոտ 4600 հեկտար տարածք։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը նշել է, որ առավոտյան պայմանները կրկին վատթարացել են՝ ընդգծելով, որ հրշեջների պայքարը շարունակվում է նոր ուժով։

Մասնագետների կարծիքով՝ Ֆրանսիայում և ընդհանրապես Արևմտյան Եվրոպայում մայիս և հունիս ամիսներին գրանցված վաղաժամ ու ինտենսիվ շոգերը զգալիորեն բարձրացրել են անտառային հրդեհների վտանգը՝ անտառային տարածքները դարձնելով առավել խոցելի։

Հրդեհը հասել է նաև Տրևիլյաչի շրջակայք, որտեղ մոտակայքում անցկացվում է «Tour de France » բազմօրյա հեծանվավազքի երրորդ փուլը։ Տեղական իշխանությունները փակել են այդ հատվածը հանրության համար՝ արտակարգ ծառայությունների աշխատանքը հեշտացնելու նպատակով։ Չնայած մրցավազքը նախատեսվում է շարունակել, թիմային մեքենաների շարասյունը կկրճատվի նվազագույնի։

Միաժամանակ, Իսպանիայի սահմանային հատվածում հրդեհը ոչնչացրել է շուրջ 2200 հեկտար տարածք, որի 97 %-ը   գտնվում է Լես Գավարեսի պահպանվող բնական գոտում։ Կատալոնիայի իշխանությունները հայտնել են, որ կրակը վերահսկողության տակ է առնվել և կանխատեսումների համաձայն, ամբողջությամբ կմարվի շաբաթվա ընթացքում։ Այս գործով ոստիկանությունը ձերբակալել է Կատալոնիայի տարածաշրջանային կառավարության կապալառու ընկերության աշխատակցի, որը կասկածվում է ճանապարհի եզրին անկյունային հղկող մեքենայի օգտագործման հետևանքով հրդեհի բռնկման մեջ։

Իսպանիայի Կատալոնիայի հարավում՝ Կաստելյոն նահանգի արևելյան հատվածում, Սիեռա դե Էսպադա ազգային պարկում բռնկված մեկ այլ անտառային հրդեհի պատճառով տարհանվել է շուրջ 500 մարդ։ Այդ ազգային պարկը հայտնի է խցանե կաղնու արժեքավոր անտառներով, և հրդեհը մտահոգություն է առաջացրել նաև բնապահպանական տեսանկյունից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder