Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խայտառակ փոփոխություն է, արվել է հենց խմած վարող վարորդների համար, ավտովթարները կավելանան. ակտիվիստ Արտակ Գաբոյան
«Խայտառակ փոփոխություն է։ Ակնկալում եմ, որ այսուհետ ավտովթարները կշատանան, և հենց այս փոփոխություններն առաջարկողներն են լինելու հերթական վթարի հետևանքով հերթական մահվան մեղավորը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ակտիվիստ Արտակ Գաբոյանը՝ խոսելով այսօրվանից ուժի մեջ մտած վարորդական իրավունքից զրկված անձանց վարելու իրավունքի վերականգնման կարգի փոփոխության մասին։
Նա նշեց, որ ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ հարց էր հնչել՝ չի՞ կարելի տարբերակել և այս փոփոխությունը չտարածել շատ վատ խախտումներ արած, օրինակ, խմած վարելու հետևանքով վարելու իրավունքից զրկված վարորդների վրա, քանի որ դա գիտակցված, կանխամտածված հանցագործություն է։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը պատասխանել էր, որ տարբերակում նախատեսված չէ՝ դա արդարացնելով այն պարզաբանմամբ, որ նախագծի ներդրման ժամանակ բարդություններ կառաջանան։
«Բայց, իրականում, փաստն այն է, որ այս նախագիծը բերվել է հենց խմած վարող վարորդների համար։ Փաստացի, կարող ենք արձանագրել, որ այս նախագիծը բերվել է այն մարդկանց համար, ովքեր խմած վարելու համար զրկվել են վարորդական իրավունքից։
Ամբողջ աշխարհում չկա մոտեցում, որ վտանգավոր, կանխամտածված խախտում անողին ասեն՝ արի, ես քեզ ծախում եմ վարորդական իրավունք։ Սա վաճառք է, այլ կերպ չենք կարող բնութագրել»։
Ըստ նրա, սա շատ վատ ուղերձ է հասարակությանը. «Մեզ մոտ չի եղել որևէ նախագիծ, որը կխրախուսի լավ վարումը։ Պետությունը բոլորին աջակցում է, ընդառաջ է գնում, բացի լավ վարորդներից։ Սա շատ վատ ուղերձ է քաղաքացիներին»։
Ա. Գաբոյանը նշեց, որ այս փոփոխությունը ոչ թե երթևեկության կարգավորման ուղղությամբ լուրջ քայլ էր ու անհրաժեշտ էր արագ, առանց հանրային քննարկման ընդունել, այլ նախընտրական, պոպուլիստական խոստումների շարունակություն էր։
Երթևեկության հետ կապված այլ խնդիրների մասին նույնպես բարձրաձայնեց Արտակ Գաբոյանը՝ ընդգծելով. «Բոլոր խնդիրները լուծելի են, եթե ունենանք այն իշխանությունը, որը պատրաստ է այդ լուծումներին գնալ, եթե իշխանություններն ունենան այդ քաղաքական կամքը։ Հիմա մեր խնդիրն իշխանությունն է։ Չկա այն գիտակցումը, որ խնդիրն իսկապես կարևոր է ու պետք է լուծել»։
Հիշեցնենք, որ այսօրվանից ուժի մեջ է մտնել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում, ինչպես նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների փաթեթը։ Նոր կարգավորումներով ներդրվել է «վարորդական իրավունքից զրկված անձանց վարելու իրավունքի վերականգնման առավել թիրախային և վերահսկելի մեխանիզմ»։
Ըստ փոփոխության, վարելու իրավունքից զրկելու մասին ոստիկանության՝ ուժի մեջ մտած ակտի հիմքով դադարեցված վարելու իրավունքը՝ զրկման ժամկետը լրանալուց հետո 1 տարվա ընթացում դիմելու և օրենքով սահմանված պետական տուրքը՝ հիսուն հազար դրամ վճարելու դեպքում, անձը կարող է վերականգնել վարելու իրավունքը առանց որակավորման քննություններ հանձնելու, 1 տարի ժամկետով փորձաշրջան սահմանվելու դեպքում 13 միավորի փոխարեն հատկացնել 6 միավոր, փորձաշրջանում գտնվող անձի կողմից 6 տուգանային միավորը սպառելու դեպքում նա կզրկվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից մեկ տարի ժամկետով։
Մանրամասն՝ տեսանյութում։