Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Կօգնեմ լիցքավորել քարտը»․ Ինչպե՞ս են Թուրքիայում խաբում զբոսաշրջիկներին
Ստամբուլ մեկնող զբոսաշրջիկներին զգուշացնում են օդանավակայաններում և հասարակական տրանսպորտի կանգառներում «օգնություն առաջարկող» խաբեբաների մասին։ Թուրքիայի անվտանգության փորձագետ, նախկին ոստիկանապետ Մուստաֆա Բեգյուրջուն «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ հատկապես զբոսաշրջիկների շրջանում հայտնի տրանսպորտային հանգույցներում, այդ թվում՝ Ստամբուլի օդանավակայաններում կան անձինք, որոնք առաջարկում են օգնել օտարերկրացիներին լիցքավորել տրանսպորտային քարտերը։
Փորձագետի խոսքով՝ խարդախության սխեման բավական պարզ է․ «օգնություն» առաջարկող անձը ձևացնում է, թե կատարում է քարտի լիցքավորումը, սակայն արդյունքում զբոսաշրջիկը հետագայում պարզում է, որ քարտը չի համալրվել, մինչդեռ գումարն արդեն գանձվել է նրա բանկային քարտից կամ կանխիկ հանձնվել է խաբեբային։ Այդպիսով, զբոսաշրջիկը ոչ միայն զրկվում է իր գումարից, այլև մնում է առանց գործող տրանսպորտային քարտի։
Մուստաֆա Բեգյուրջուն խորհուրդ է տալիս նման իրավիճակներից խուսափելու համար հնարավոր բոլոր գործողությունները կատարել ինքնուրույն և չընդունել անծանոթների առաջարկած օգնությունը, հատկապես օդանավակայաններում և զբոսաշրջային գոտիներում։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է զգոն լինել հատկապես այն անձանց նկատմամբ, որոնք նախաձեռնողականորեն մոտենում են զբոսաշրջիկներին և փորձում են միջամտել տրանսպորտային քարտերի գնման կամ լիցքավորման գործընթացին։ Փորձագետը շեշտում է, որ նման առաջարկներից պետք է անմիջապես հրաժարվել՝ խարդախության զոհ չդառնալու համար։