Երբ ուզում են շոուն ապահովել, այս տեսարանները միշտ լինում են. Ծառուկյանի փաստաբան
Քաղաքական
11:07 06/07/2026
Հայաստան

Երբ ուզում են շոուն ապահովել, այս տեսարանները միշտ լինում են. Ծառուկյանի փաստաբան

Փաստաբան Երեմ Սարգսյանին տևական ժամանակ թույլ չէին տալիս մուտք գործել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տուն, որտեղ ԱԱԾ դիմավորված, զինված անձինք խուզարկություն են իրականացնում։ ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարեց, որ այս պահին խուզարկություններ են իրականացվում Գագիկ Ծառուկյանին պատկանող տարբեր բիզնեսներում՝ ավելի քան տասնյակ հասցեներում։

«Փաստաբանի գալուն պես պետք է քննիչից ճշտեն, փաստաբանի մուտքը թույլատրեն։ Հիմա չգիտեմ՝ տեխնիկական ինչ հարցեր ունեն, տարբեր աստիճաններով են հիմա զեկուցում։ Անիմաստ է այս ամենը»,-լրագրողների հետ զրույցում ասաց բակի ճաղերի մոտ սպասող Երեմ Սարգսյանը։

Նա նշեց, որ դիմակավորված, զինված իրավապահների մասնակցությամբ քննչական գործողություններ իրականացվում են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում՝ զինված հանցագործների հետ կապված, բայց մեր դեպքում սա կարծես պրակտիկա է դառնում։

«Երբ ուզում են շոուն ապահովել, այս տեսարանները միշտ լինում են»,-ասաց փաստաբանը։

Նա նշեց, գործի վերաբերյալ մանրամասներ հայտնել չի կարող, քանի դեռ խուզարկության որոշմանը չի ծանոթացել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder