Արդյունաբերությունը հանդիսանում է շարժիչ ուժերից մեկը, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում. Փաշինյան
Քաղաքական
16:25 06/07/2026
Հայաստան

Արդյունաբերությունը հանդիսանում է շարժիչ ուժերից մեկը, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում. Փաշինյան

«Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում։ 2025 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 2024 թվականի համեմատ կազմել է 4.7%, իսկ ընթացիկ տարվա 4 ամիսների ընթացքում՝ 13%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Վերամշակող արդյունաբերությունը վերջին ինը տարիների ընթացքում աճել է 2 անգամ»,-ՀՀ կառավարության հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Եկատերիբուրգում  «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստում ունեցած ելույթում։

Ըստ նրա, միկրոէլեկտրոնիկայի, կենսադեղագործության և ռոբոտաշինության զարգացումը խթանում է հիմնարար և գիտական մշակումների պահանջարկը, մասնագիտական կրթության համակարգի արդիականացումը և ձևավորում որակապես նոր աշխատաշուկա։

«Հայաստանի Հանրապետության արդյունաբերական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը գիտատար արտադրությունների ձևավորումն է, որոնք ապահովում են տեխնոլոգիական զարգացում՝ գործընթացների օպտիմալացման, թվայնացման, արհեստական բանականության տեխնոլոգիաների և տվյալների վերլուծության ներդրման հաշվին։

Այսպիսի մոտեցումը, բարձրացնելով ոլորտի ներդրումային գրավչությունը, կարագացնի տեխնոլոգիաների տրանսֆերը և պայմաններ կստեղծի բարձր ավելացված արժեքով արտադրանքի թողարկման համար։ Նորարարական զարգացման մեր ռազմավարությունն է՝ ապահովել կայուն աճ՝ հաշվի առնելով համաշխարհային տեխնոլոգիական միտումներին ինտեգրումը, և արժանի տեղ զբաղեցնել տեղեկատվական տեխնոլոգիաների ու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության համաշխարհային քարտեզի վրա։

Վերջին շրջանի լայնածավալ ներդրումները վկայում են այն մասին, որ գնալով ավելի է մեծանում մեր երկրի՝ որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկարաժամկետ ռազմավարական տեսլական ունեցող հուսալի գործընկերոջ ընկալումը։

Արդյունաբերությունը հանդիսանում է շարժիչ ուժերից մեկը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միությունում։ Ինտեգրացիոն նպատակների իրականացման կարևոր գործնական գործիք դարձավ կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմի գործարկումը։ Այս մեխանիզմը նպաստում է անդամ պետությունների արդյունաբերության մրցունակության բարձրացմանը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ փոխշահավետ համագործակցության համար։

Հայաստանի արդյունաբերական ձեռնարկություններն արդեն իսկ մասնակցում են Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերների հետ մի շարք համատեղ նախագծերի։ Եզրափակելով՝ կցանկանայի ընդգծել, որ բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության սրընթաց զարգացման դարաշրջանում մեզ համար հիմնական ուղենիշ պետք է շարունակի մնալ հումանիտար ասպեկտը։

Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա միատարր աշխատանքից՝ դրանով իսկ նոր հորիզոններ բացելով մտավոր և ստեղծագործական գործունեության համար։ Շնորհակալություն ուշադրության համար»։,- ասել է Փաշինյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder