Խոշոր վթար Երևանում, վիրավորները ՈԴ քաղաքացիներ են
Հասարակություն
16:38 06/07/2026
Հայաստան

Խոշոր վթար Երևանում, վիրավորները ՈԴ քաղաքացիներ են

Այսօր՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում Գարեգին Նժդեհ և Սևանի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 37-ամյա Վահե Մ․-ի վարած «Chevrolet» մակնիշի և «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով «Infiniti»-ի վարորդը և ուղևոր, ՌԴ քաղաքացի 16-ամյա Գևորգ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատարի Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վահագ Հովսեփյանը և Խաչատուր Մելքոնյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված «Infiniti»-ի վարորդի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորները ՌԴ քաղաքացիներ են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder