Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Գետափ գյուղում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Volvo» մակնիշի բեռնատարը
Իրավունք
22:06 06/07/2026
Հայաստան

Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Գետափ գյուղում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Volvo» մակնիշի բեռնատարը

Այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:40-ի սահմաններում Գյումրի-Արտենի ավտոճանապարհին, Գետափ գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով երկու ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում, իսկ բեռնատարը՝ կողաշրջվել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել մահացածների մարմինները։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները:

Վթարի մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի, Թալինի քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և մահացածների ինքնությունը։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder