Սոցցանցերի նոր աստղը. Վոզինյայով հետաքրքրվում է բրազիլական 2 ակումբ
Սպորտ
17:31 06/07/2026
Աշխարհ

Սոցցանցերի նոր աստղը. Վոզինյայով հետաքրքրվում է բրազիլական 2 ակումբ

Կաբո Վերդեի հավաքականի դարպասապահ Վոզինյան Instagram-ում հետևորդների թվով գերազանցել է «Ռեալ Մադրիդի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուային՝ սահմանելով ռեկորդ գործող դարպասապահների շրջանում։ Առաջնության ընթացքում նրա հետևորդների թիվն ավելացել է ավելի քան 24 մլն-ով։ Սոցիալական այդ ցանցում հիմա աֆրիկացի դարպասապահն ունի 25 մլն հետևորդ, առաջնության մեկնարկին այդ թիվը 50 հազար էր։

Շաբաթ օրը՝ գիշերային ժամերին Կաբո Վերդեի հավաքականն Աշխարհի առաջնության 1/16-րդ եզրափակիչում 2–3 հաշվով (լրացուցիչ ժամանակում) զիջեց Արգենտինային՝ ավարտելով իր ելույթները մրցաշարում։ Հանդիպման ընթացքում Վոզինյան 8 անգամ փրկեց դարպասը։

Խաղից հետո Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին կիսվել է Կաբո Վերդեի դարպասապահի խաղի վերաբերյալ իր տպավորություններով.

«Փոքր-ինչ հիասթափված էի իմ կատարած հարվածների քանակից, սակայն կարողացա մեկ գոլ խփել, և այն շատ կարևոր էր։ Ինձ ասացին, որ նա 40 տարեկան է, և, անկեղծ ասած, տպավորված էի նրա այսօրվա խաղով։ Վերջին սուլիչից հետո մոտեցա նրան, և նա շնորհավորեց ինձ»,-ասել է Մեսին։

Վոզինյայի հետևորդների թիվը կտրուկ սկսեց ավելանալ խմբային փուլի մեկնարկային խաղից հետո,  նա անառիկ պահեց դարպասը Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի դեմ խաղում (0–0)։

Միջազգային մամուլի փոխանցմամբ, Վոզինյան իր կարիերայի երկու տարբերակ ունի՝ ԱԱ-2026-ի սենսացիայի հերոսը ներկայումս առանց ակումբի է: Վոզինյան հայտնվել է ոչ միայն սոցցանցերի օգտատերերի, այլև ակումբների ուշադրության կենտրոնում։ Այս պահին նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվել է։ Նրանով հետաքրքրված է բրազիլական երկու ակումբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder