Այն տեմպը, որով աճում է մարդատար մեքենաների քանակը Երևանում, գործողություններ է պահանջում. Ավինյան
Հասարակություն
10:40 06/07/2026
Հայաստան

Այն տեմպը, որով աճում է մարդատար մեքենաների քանակը Երևանում, գործողություններ է պահանջում. Ավինյան

«Մեր խնդիրները մեծապես կապված են  մարդատար ավտոմեքենաների քանակի աճի հետ, բոլոր խնդիրները, նույնիսկ հանրային տրանսպորտի խնդիրները դրանց հետ են կապված»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

Նրա խոսքով, արհեստական բանականությամբ լուսացույցերի ներդրումը իրենց ծրագրերում է, հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերն իրենց առաջնահերությունն է լինելու։

«Լսել եմ տարատեսակ մեկնաբանություններ, որ մարդատար մեքենաների հետ կապված պոտենցիալ սահմանափակումները մարդկանց ազատության սահմանափակում են։ Դա, նուրբ ասած, իրականությանը չի համապատասխանում։

Եթե մենք նոր կանոնակարգեր ու կառուցակարգեր չստեղծենք քաղաքում, գնալով ահագնացող մարդատար ավտոմեքենաների քանակը, որոնք առանց որևէ սահմանափակման մտնում են քաղաք ու փոքր կենտրոն, ուղղակիորեն բերելու են մի իրավիճակի, երբ որևէ մեկն իր մեքենայով բակից դուրս գալուց հետո ուղղակի չի կարողանալու առաջ շարժվել»,-ասաց Ավինյանը։ 

Ըստ նրա, այն տեմպը, որով աճում է մարդատար մեքենաների քանակը Երևանում, իրապես արդեն իսկ գործողություններ է պահանջում։

«Բայց այդ գործողությունները պետք է լինեն տրամաբանական՝ երբ ստեղծվում է հստակ այլընտրանք, երբ մարդը հասկանում ու իր աչքով տեսնում է, որ Երևանում վերգետնյա հանրային տրանսպորտով տեղաշարժվելն ավելի արագ է ու ավելի էֆեկտիվ, քան սեփական մեքենայով»,- ասաց Տիգրան Ավինյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այն տեմպը, որով աճում է մարդատար մեքենաների քանակը Երևանում, գործողություններ է պահանջում. Ավինյան