Թուրքիայում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդ
Քաղաքական
13:18 06/07/2026
Տարածաշրջան

Թուրքիայում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդ

Թուրքիայում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել երեկ Անկարայում անցկացված ՆԱՏՕ-ի դեմ բողոքի երթից հետո։ Բողոքի ակցիան կազմակերպել էր Թուրքիայի կոմունիստական կուսակցությունը (TKP)՝ հաջորդ շաբաթ նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ։ Այդ մասին հայտնել է Reuters-ը  հղում անելով՝ կուսակցության հայտարարությանը, որտեղ նշվում է, որ ձերբակալվածների թվում են նաև իր վարչական անձնակազմի ներկայացուցիչներ։

Թուրքիան վաղը Անկարայում կհյուրընկալի ՆԱՏՕ-ի 32 անդամ երկրների ղեկավարներին և դաշինքի գործընկերների պաշտոնյաներին։ Գագաթնաժողովից առաջ իշխանությունները խստացրել են անվտանգության միջոցառումները մայրաքաղաքում՝ արգելելով հանրային հավաքները, սահմանափակելով մուտքը քաղաքի մի շարք հատվածներ և փակելով ճանապարհներ։

Բողոքի երթը անցկացվել է Անկարայի Քըզըլայ հրապարակում։ Տարածված տեսանյութերում երևում են ցուցարարներ, որոնք ՆԱՏՕ-ի դեմ կարգախոսներ են վանկարկում, մինչդեռ ոստիկանությունը երթը դադարեցնելու համար կիրառել է արցունքաբեր գազ։

Նույն օրը կուսակցությունը կազմակերպել է նաև առանձին բողոքի ակցիա Ստամբուլում, որտեղ հարյուրավոր մարդիկ երթով շարժվել են Թաքսիմ հրապարակից դեպի Դոլմաբահչե։ Քադըքյոյ շրջանում ևս անցկացվել են երկու առանձին հակաՆԱՏՕ-ական բողոքի ակցիաներ։ Չնայած ոստիկանության մեծ ներկայությանը՝ Ստամբուլում բախումներ չեն արձանագրվել։

«Մենք այսօր հավաքվել ենք Թուրքիայի տարբեր շրջաններում՝ ՆԱՏՕ-ի դեմ մեր բողոքն արտահայտելու համար։ Մենք ասել էինք, որ Անկարան չենք հանձնի ՆԱՏՕ-ի կողմնակիցներին և թույլ չենք տա, որ քաղաքը լռի։ Մենք կատարել ենք այդ խոստումը»,- հայտարարել է Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Քեմալ Օքույանը։

Թուրքիայի կառավարությունը դեռևս չի մեկնաբանել ո՛չ բողոքի ցույցերը, ո՛չ էլ զանգվածային ձերբակալությունները։

Միաժամանակ վերջին շաբաթներին երկրում շարունակվում են հակաահաբեկչական գործողությունները։ Անցյալ ամիս Անկարայում իրականացված գործողությունների շրջանակում ձերբակալվել էր 103 մարդ, իսկ ընդհանուր առմամբ՝ 225 անձ։ Կիրակի օրը նաև հաղորդվել է ևս 39 մարդու ձերբակալության մասին, որոնց թվում եղել են անկախ լրատվամիջոցների լրագրողներ, ակտիվիստներ և գիտնականներ։

Քրդամետ,  Դեմոկրատական կուսակցության համանախագահ Թունջեր Բաքիրհանը և գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել են կալանավորումները՝ դրանք գնահատելով որպես ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ հիմնարար իրավունքների սահմանափակման անընդունելի միջոց։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թուրքիայում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդ