Չինաստանում ուժեղ փոթորիկի հետևանքով կան զոհեր, վիրավորներ
Հասարակություն
12:24 07/07/2026
Աշխարհ

Չինաստանում ուժեղ փոթորիկի հետևանքով կան զոհեր, վիրավորներ

Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգում երկու տորնադոները խլել է առնվազն 11 մարդու կյանք։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Մինչև 149 կմ/ժ արագությամբ քամիները շրջել են մեքենաներ, պոկել շենքերի տանիքները և լուրջ ավերածություններ պատճառել։ Առնվազն մեկ մարդ դեռևս անհետ կորած է համարվում։

Երեկ երեկոյան չորս ժամվա ընթացքում Բոֆորտի ընդլայնված սանդղակով 13-րդ մակարդակի քամիները հարվածել են Հուանգշի, Հուանգգան, Էչժոու և Սյաննին քաղաքներին։ Փորձագետների գնահատմամբ՝ տորնադոները Հուբեյում չափազանց հազվադեպ են, վերջին նման դեպքը գրանցվել էր 2021 թվականի մայիսին։

Չինաստանը վերջին տարիներին ավելի հաճախ է բախվում ծայրահեղ եղանակային երևույթների, որոնք մասնագետները կապում են կլիմայի փոփոխության հետ։ Հորդառատ անձրևները, ուժեղ քամիներն ու շոգերը զգալի տնտեսական վնասներ են պատճառում՝ խաթարելով արդյունաբերությունն ու ոչնչացնելով բերքը։

Ազգային օդերևութաբանական կենտրոնը նախազգուշացրել է, որ Հուբեյի հյուսիս-արևելքում սպասվում են նոր հորդառատ անձրևներ։ Ուժեղ տեղումների մասին զգուշացումներ են տրվել նաև Գուանսի, Գուանդուն, Հայնան, Ցզիլին, Շանդոնգ և Լյաոնին շրջանների համար։ Գուանսիում առաջիկա 24 ժամվա ընթացքում տեղումները կարող են հասնել մինչև 260 մմ-ի՝ մեծացնելով սողանքների վտանգը։

Միաժամանակ Չինաստանի արևմտյան Գանսու նահանգում սողանքի հետևանքով 16 մարդ անհետ կորած է համարվում, իսկ 33 մարդու գետը տարել է։

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կոչ է արել գործադրել «բոլոր ջանքերը» ջրհեղեղներից տուժածներին փրկելու համար։ Երկիրը նաև պատրաստվում է «Բավի» գերթայֆունի հնարավոր հարվածին, որը շարժվում է դեպի Թայվան և կանխատեսվում է, որ շաբաթավերջին կհասնի Չինաստանի արևելյան ափին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չինաստանում ուժեղ փոթորիկի հետևանքով կան զոհեր, վիրավորներ