«Ժողովուրդ». Ծառուկյանի առյուծների մեղքն ո՞րն էր, որ նրանցից մեկը uшտկեց
Օրվա մամուլ
08:33 08/07/2026
Հայաստան

«Ժողովուրդ». Ծառուկյանի առյուծների մեղքն ո՞րն էր, որ նրանցից մեկը uшտկեց

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Գագիկ Ծառուկյանի կալանավորումից և նրա առանձնատանը շուրջ 13 ժամ տևած խուզարկությունից հետո հանրային ուշադրության կենտրոնում հայտնվեցին ոչ միայն քրեական գործի մանրամասները, այլև այն կենդանիները, որոնք պահվում էին նրա առանձնատանը։

Ինչ կապ ունեն կենդանաբանական այգում պահվող առյուծները քննության ընթացքի հետ, այդպես էլ անհասկանալի մնաց։

Օրվա երկրորդ կեսին արդեն հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Երևանի կենդանաբանական այգու հոգածությանը հանձնված էգ առյուծներից մեկի հետ ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել։

Դրանից հետո Քննչական կոմիտեն շտապեց հայտարարել, թե նշանակվել են համապատասխան ստուգումներ՝ պարզելու, թե ինչու կենդանին չի արթնացել քնեցումից հետո։ Այսինքն՝ կոմիտեն շտապեց կենդանու ենթադրյալ մահվան պատասխանատվությունից իրեն հեռու պահել։

Սակայն այստեղ հարցը միայն մեկ կենդանու ճակատագիրը չէ։ Առաջանում է պատասխանատվության, իսկ գուցե նաև կոլեկտիվ անպատասխանատվության հարց։ Ո՞վ է պատասխանատու կենդանիների քնեցման, տեղափոխման, պահպանության և դրանց ընթացքում տեղի ունեցած հետևանքների համար։ Ի՞նչ էին արել այդ կենդանիները, որոնք հայտնվել էին այս ամբողջ գործընթացի կենտրոնում և, անկախ իրենցից, դարձել պետական գործողությունների զոհ։

Հենց այս հարցերի պատասխաններն էին ցանկանում ստանալ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները՝ սեփական աչքով տեսնելով կենդանիների պահման պայմանները և դրանք ներկայացնելով հանրությանը։ Սակայն այդ հնարավորությունը մեզ չտրամադրվեց։

Այս իրավիճակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Երևանի կենդանաբանական այգին ևս չի կարող խուսափել հանրային հարցերից և պատասխանատվությունից, քանի որ կենդանիների պահպանությունն արդեն իրականացվում է իր պատասխանատվության ներքո։ Ուստի թե՛ քաղաքապետարանը, թե՛ գործընթացում ներգրավված մյուս պետական մարմինները պարտավոր են ապահովել առավելագույն թափանցիկություն և սպառիչ պատասխաններ տալ հանրությանը հուզող բոլոր հարցերին։

Ի վերջո, Ծառուկյանի առյուծների մեղքն ո՞րն էր, որ նրանցից մեկը սատկեց։

Այս պատմության մեջ ՔՊ ավագանու խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի պահվածքը թերևս ամենաուշագրավն էր։ Նա, որ կրում է առյուծի անկման համար քաղաքական պատասխանատվություն, համացանցում գրել էր.

«Ծառուկյանի կողմից սպանված բազմաթիվ կենդանիների մորթիները, որ շարված են նրա տան պատերին, դա ոչ մեկին չէր հուզում, հիմա ասում են՝ թե իրա մոտից տարաք, դրա համար անկեց առյուծը, ինքը շատ կենդանասեր էր, քաղաքապետարանն էլ «բարբարոս ա»։ Բոլոր ընդդիմադիրները հիմա կդառնան «կենդանասեր»։

Առյուծի անկման պատճառը պայմանավորված է մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով։ Կենդանու օրգան-համակարգերը եղել են ախտահարված՝ փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում՝ խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում՝ ազատ հեղուկ, ինչը պատճառ է դարձել, որ քնեցումից չի արթնացել»։

Մինչդեռ առյուծի խնամակալը հայտարարել է, որ կենդանին առողջ է եղել, 12 տարեկան, ինչը մեծ տարիք չէ։ Նրա խոսքով՝ առավոտյան կենդանին սոված է եղել, և աշխատակիցներին զգուշացվել է, որ սոված կենդանուն չի կարելի քնեցնել ու ներարկում կատարել։ Սակայն, ըստ նրա, զգուշացումը հաշվի չի առնվել, և կենդանուն ներարկել են։

Բացի այդ, Գալջյանը, թերևս, պետք է հաշվի առնի նաև այն հանգամանքը, որ Ծառուկյանի տան կադրերում երևացող խրտվիլակների զգալի մասը Հայաստանում չի հանդիպում և մեր պայմաններում չի բնակվում, իսկ որոշ կենդանիների ոչնչացման համար պետությունն անգամ փոխհատուցում է տրամադրում որսորդներին։ Ծառուկյանը, ինչպես հայտնի է, տասնյակ տարիներ անդամակցել է որսորդների միությանը։

Միաժամանակ հիշեցնենք, որ, ըստ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանի երեկվա հայտարարության, ապօրինի որսի վերաբերյալ մեղադրանք նրան ներկայացված չէ։ Նա նաև հայտնել է, որ հարկերից խուսափելու մասով քրեական վարույթը կարճվել է։ Պաշտպանության կողմի ներկայացմամբ՝ այս պահին մնացել են երկու մեղադրանք՝ փողերի լվացման և խարդախության օժանդակության վերաբերյալ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder