«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի ԱԺ ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը
Օրվա մամուլ
08:38 08/07/2026
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի ԱԺ ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Օգոստոսի 3-ին գումարվելու է Ազգային ժողովի նորընտիր կազմի անդրանիկ նիստը։ Ինչպես սահմանված է Սահմանադրությամբ և արդեն ձևավորված ավանդույթով, մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրությունը նիստը կվարի տարիքով ավագ պատգամավորը՝ 1945 թվականի հունվարի 17-ին ծնված Կնյազ Հասանովը։

Սա արդեն չորրորդ անգամն է, երբ հենց նա է վարելու խորհրդարանի առաջին նիստը։ Կնյազ Հասանովը նույն առաքելությունն իրականացրել է նաև 2017, 2018 և 2021 թվականներին։

Հասանովը 2026 թվականի խորհրդարանում ևս մանդատ է ստացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակով՝ որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ։ Նա հանդիսանում է նաև Հայաստանի քրդական համայնքի ղեկավարը։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Կնյազ Հասանովի վերջին հինգ տարիների հայտարարագրերը՝ հասկանալու համար, թե ինչ ունեցվածքով է նորընտիր խորհրդարանի ամենատարեց պատգամավորը շարունակում իր պաշտոնավարումը։

2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ պատգամավորի հիմնական անշարժ գույքը շարունակում է մնալ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում գտնվող համատեղ սեփականությամբ բնակարանը, որը ձեռք է բերվել 2008 թվականի հոկտեմբերի 22-ին՝ գնման եղանակով։ Հատկանշական է, որ եթե նախորդ տարիներին հայտարարագրերում առկա էր նաև 2000 թվականի արտադրության VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենան, ապա 2025 թվականի հայտարարագրում որևէ ավտոմեքենա կամ այլ տրանսպորտային միջոց այլևս նշված չէ։

Դրամական միջոցների մասով 2025 թվականի սկզբին նա ունեցել է 1 մլն դրամ կանխիկ գումար, իսկ տարվա վերջում՝ արդեն 1,5 մլն դրամ, այսինքն՝ կանխիկ միջոցներն աճել են 500 հազար դրամով։

2025 թվականին Կնյազ Հասանովի ընդհանուր եկամուտը կազմել է 13 մլն 831 հազար 244 դրամ։ Այդ գումարից 1 մլն 32 հազար դրամը եղել է կենսաթոշակ, իսկ 12 մլն 799 հազար 244 դրամը՝ Ազգային ժողովի աշխատակազմից ստացած աշխատավարձն ու դրան հավասարեցված վճարումները։

2021 թվականի հայտարարագրի համաձայն՝ պատգամավորը նույնպես ունեցել է միայն Աբովյանի բնակարանը և 2000 թվականի արտադրության VOLKSWAGEN ավտոմեքենան։ Այդ տարի ևս նոր գույք կամ մեքենա չի ձեռք բերել, ոչ էլ օտարել է ունեցվածքը։ 2021 թվականի ընդհանուր եկամուտը կազմել է 8 մլն 647 հազար 250 դրամ։ Այդ գումարից 7 մլն 807 հազար 250 դրամը եղել է պատգամավորական աշխատավարձ, իսկ 840 հազար դրամը՝ կենսաթոշակ։

Այսպիսով, վերջին հինգ տարիների հայտարարագրերը ցույց են տալիս, որ Կնյազ Հասանովի գույքային վիճակում էական փոփոխություններ չեն եղել։ Նրա հիմնական անշարժ գույքը շարունակում է մնալ Աբովյանում գտնվող բնակարանը, մինչև 2024 թվականը հայտարարագրերում առկա է եղել նաև 2000 թվականի արտադրության VOLKSWAGEN ավտոմեքենան, որը 2025 թվականի հայտարարագրում այլևս չի նշվում։ Միաժամանակ, տարեցտարի աճել են պատգամավորի հայտարարագրված եկամուտները՝ 2021 թվականի 8,6 մլն դրամից հասնելով 2025 թվականին 13,8 մլն դրամի, իսկ 2023 թվականից սկսած նա նաև սկսել է հայտարարագրել կանխիկ դրամական միջոցներ, որոնք 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 1,5 մլն դրամ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder