Տոկաևը կրկին առաջադրվելու հնարավորություն ունի
Քաղաքական
22:00 08/07/2026
Աշխարհ

Տոկաևը կրկին առաջադրվելու հնարավորություն ունի

Ղազախստանի նոր Սահմանադրությունը նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին հնարավորություն է տալիս կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է RBC-ն՝ հղում անելով երկրի Սահմանադրական դատարանը համապատասխան որոշմանը։

Դատարանի մեկնաբանությամբ՝ նոր Սահմանադրությամբ սահմանված սահմանափակումները վերաբերում են միայն դրա ուժի մեջ մտնելուց հետո անցկացված ընտրություններին կամ կատարված նշանակումներին։ Հետևաբար, 1995 թվականի Սահմանադրության գործողության ընթացքում պաշտոնավարման ժամկետներն ու ընտրությունները չեն հաշվարկվում։ Որոշման մեջ նշվում է, որ 1995 թվականի Սահմանադրության համաձայն պաշտոն զբաղեցրած անձինք կարող են ընտրվել կամ նշանակվել նույն պաշտոններում 2026 թվականի Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո։

Ղազախստանում նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ին՝ մարտին անցկացված հանրաքվեից հետո։ Նոր խմբագրությամբ նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով, և նույն անձը չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը մեկից ավելի անգամ։

Դեռևս 2022 թվականի հուլիսին Տոկաևը հայտարարել էր, որ չի պատրաստվում հանրաքվեի միջոցով երկարաձգել իր պաշտոնավարման ժամկետը՝ ընդգծելով, որ նման մտադրություն չի ունեցել և չի ունենա։ Նա նաև նշել էր, որ մեկ նախագահական ժամկետը «պատնեշ» է իշխանության յուրացման դեմ և նպաստում է իշխանության պարբերական թարմացմանը։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ղեկավարում է Ղազախստանը 2019 թվականի մարտից, երբ ստանձնեց նախագահի պաշտոնը Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո։ Նույն թվականին նա հաղթեց արտահերթ նախագահական ընտրություններում, իսկ 2022 թվականի նոյեմբերին վերընտրվեց յոթ տարի ժամկետով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder