ՆԱՏՕ-ի դաշնակիցները հայտարարում են 37 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ նոր հրթիռային նախագծի մասին
Քաղաքական
21:40 08/07/2026
Աշխարհ

ՆԱՏՕ-ի դաշնակիցները հայտարարում են 37 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ նոր հրթիռային նախագծի մասին

ՆԱՏՕ-ի  դաշնակից տասներկու երկրներ՝ գլխավորությամբ Մեծ Բրիտանիայի նախատեսում են առաջիկա տասը տարիների ընթացքում ավելի քան 37 միլիարդ ֆունտ ստեռլինգ ներդնել Եվրոպայի պաշտպանության համար նախատեսված նոր հեռահար հրթիռային համակարգի՝ Deep Strike նախագծում։

BBC-ի փոխանցմամբ՝ այն պաշտոնապես ներկայացվել է Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից և քննարկվելու է Անկարայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ նախաձեռնությունը կուժեղացնի եվրոպացի դաշնակիցների համագործակցությունը և կնպաստի ՆԱՏՕ-ի անվտանգության ամրապնդմանը։ Նախագծվող հրթիռը նախատեսված է շուրջ 300 կմ հեռավորության վրա գտնվող թիրախներին բարձր ճշգրտությամբ հարվածելու համար, իսկ որոշ տարբերակների գործողության շառավիղը կարող է հասնել մինչև 1250 մղոնի։ Սակայն ծրագիրը, ըստ կանխատեսումների, պատրաստ կլինի միայն 2030-ականներին։

Գագաթնաժողովում քննարկումների առանցքում կլինի նաև եվրոպական անվտանգության ուժեղացումը՝ Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքների պայմաններում։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը նշում է, որ վերջին շրջանում ռուսական ռազմական ակտիվությունը երկրի ջրերի մոտ աճել է, իսկ ՆԱՏՕ-ի կործանիչները ավելի քան 700 անգամ օդ են բարձրացվել՝ դաշնակիցների օդային տարածքին մոտեցող ռուսական ինքնաթիռներին ուղեկցելու նպատակով։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել դաշնակիցներին շարունակել հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը՝ ընդգծելով, որ հեռահար հարվածային միջոցները զգալի ազդեցություն են ունեցել Ռուսաստանի ռազմական կարողությունների թուլացման գործում։ Իր հերթին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ուշադիր կհետևի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներին՝ կրկնելով, որ հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորումը շարունակում է մնալ Ռուսաստանի նախընտրելի տարբերակը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder