Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հավաքագրվում է Հրապարակի ստորգետնյա տարածքների ներառմամբ 3 թագարանների ընդլայնման նախագծի հայեցակարգային առաջարկներ
Հայտարարվել է բաց հրավեր՝ ուղղված Հանրապետության հրապարակում տեղակայված թանգարանային շենքում գործող Հայաստանի պատմության թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տարածքների ընդլայնման և զարգացման ճարտարապետական նախագծի գաղափարների ու հայեցակարգային առաջարկների հավաքագրմանը՝ դիտարկելով նաև Հանրապետության հրապարակի ստորգետնյա հնարավոր տարածքների ներառումը։
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, թանգարանային համալիրի ներկայիս տարածական հնարավորությունները սահմանափակում են հավաքածուների առավել ամբողջական ցուցադրումը, ժամանակավոր և միջազգային ցուցահանդեսների կազմակերպումը, կրթական ու հանրային ծրագրերի իրականացումը, ինչպես նաև ֆոնդապահոցների, վերականգնման, հետազոտական, տեխնիկական և սպասարկման ենթակառուցվածքների զարգացումը։
Նախաձեռնության նպատակն է բաց մասնագիտական քննարկման և գաղափարների հավաքագրման միջոցով բացահայտել թանգարանային համալիրի հնարավոր ընդլայնման հեռանկարային մոդելներ՝ Հանրապետության հրապարակի ստորգետնյա տարածական ներուժը դիտարկելով որպես թանգարանային, մշակութային և հանրային միասնական համակարգի ձևավորման հնարավորություն։
Հրավերի շրջանակում ակնկալվում են ոչ միայն տարածական կամ ճարտարապետական առանձին լուծումներ, այլև թանգարանային համալիրի զարգացման ամբողջական տեսլականներ, որոնք կարող են վերաիմաստավորել թանգարանների կապը միմյանց, Հանրապետության հրապարակի և քաղաքի հանրային կյանքի հետ։
Մասնակիցներին առաջարկվում է մշակել հայեցակարգային առաջարկ, որը կներկայացնի՝
· թանգարանային շենքի և Հանրապետության հրապարակի ստորգետնյա հնարավոր տարածքների միջև գործառութային ու տարածական կապը,
· երեք թանգարանների զարգացման և հնարավոր փոխկապակցման մոդելը,
· նոր ցուցադրական, կրթական, հանրային, գիտահետազոտական, ֆոնդային և սպասարկման տարածքների հնարավոր տեղաբաշխումը,
· այցելուների, աշխատակիցների, ցուցանմուշների և տեխնիկական սպասարկման հոսքերի կազմակերպումը,
· վերգետնյա և ստորգետնյա տարածքների միջև անվտանգ, մատչելի և տրամաբանական հաղորդակցությունը,
· Հանրապետության հրապարակի պատմամշակութային, ճարտարապետական և հանրային նշանակությանը համապատասխան լուծումները։
Մանրամասն՝ ԿԳՄՍՆ կայքում։