Ցեղшuպшնության ճանաչումը քաղաքական որոշում է, որը պայմանավորված է Իսրայելի ու Թուրքիայի հարաբերություններով. Իսկանդարյան
Քաղաքական
13:00 09/07/2026
Հայաստան

Ցեղшuպшնության ճանաչումը քաղաքական որոշում է, որը պայմանավորված է Իսրայելի ու Թուրքիայի հարաբերություններով. Իսկանդարյան

«Սա քաղաքական որոշում է, որը պայմանավորված է Իսրայելի և Թուրքիայի հարաբերություններով։ Դա արձագանք է Թուրքիային, մասնավորապես՝ Էրդողանի վարքագծին և Իսրայելի հասցեին հնչող քաղաքական դիսկուրսին»,– Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով Իսրայելի կառավարության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման  բանաձևի ընդունմանը՝ ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նա մանրամասնում է՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության հարցում կատարված քայլը պատմական ուսումնասիրությունների արդյունք չէ, այլ քաղաքական որոշում։

«Իսրայելի կառավարությունը պատմության ինստիտուտ չէ, նրանք պատմաբաններ չեն, այլ քաղաքական գործիչներ։ Այնպես չէ, որ հիմա նոր են ուսումնասիրել Հայոց ցեղասպանության պատմությունը և վերջապես որոշել են հրապարակել ճշմարտությունը։ Այն, ինչ տեղի է ունեցել, քաղաքական գործողություն է, և այլ կերպ լինել չէր կարող»,- նշել է նա։

Իսկանդարյանի խոսքով՝ տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նույնպես միշտ եղել է քաղաքական որոշման արդյունք՝ անկախ դրանց ձևից։

«Որոշ երկրներում դա խորհրդարանի որոշում է, մյուսներում՝ նախագահի հայտարարություն, դատարանի որոշում կամ այլ իրավական ձևաչափով փաստաթուղթ։ Հայաստանում այս ամենը սովորաբար անվանում են ցեղասպանության ճանաչում»,- ասել  է նա՝ հավելելով, որ Իսրայելի կողմից  ճանաչում դեռ տեղի չի ունեցել, քանի որ դրա համար անհրաժեշտ է Քնեսեթի համապատասխան որոշումը։

Քաղաքագետը նշել է, որ Իսրայելի հետագա քայլերը կախված կլինեն ներքաղաքական զարգացումներից, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններից։

«Քնեսեթի կարող է տեղի ունենալ, կարող է նաև չկայանալ, բայց այն, ինչ արդեն տեղի է ունեցել, քաղաքական գործընթացի մաս է»,- ընդգծել է նա։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության շուրջ միջազգային քննարկումներին՝ Իսկանդարյանը նշել է, որ տարբեր երկրներում որոշումների հիմքում տարբեր քաղաքական շարժառիթներ են եղել։

«Մի տեղ դա կապված է հայկական ծագում ունեցող ընտրողների հետ, մեկ այլ տեղ՝ Թուրքիայի հետ հարաբերությունների, մեկ այլ դեպքում՝ ընդհանրապես այլ քաղաքական հաշվարկների»,- ասել է Իսկանարյանը։

Նրա գնահատմամբ՝ նույնիսկ Թուրքիայում ցեղասպանության ժխտումը վերաբերում է ոչ թե իրադարձություններին, այլ դրանց իրավական ու քաղաքական ձևակերպմանը։

Խոսելով Հայաստանի պաշտոնական դիրքորոշման մասին՝ նա նշել է, որ Երևանն այսօր առաջնորդվում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները չսրելու ռազմավարությամբ։

«Պաշտոնական Երևանի ներկա ռազմավարությունն այն է, եթե հնարավորին չափ չնյարդայնացնեն Թուրքիային և Ադրբեջանին, ապա դա կարող է նպաստել ավելի ուժեղ անվտանգությանը։ Անկախ նրանից՝ այդ մոտեցումն իրատեսակա՞ն է, թե՞ ոչ, հենց այդ տրամաբանությամբ էլ Հայաստանը փորձում է հեռու մնալ այնպիսի գործընթացներից, որոնք կարող են ազդել Թուրքիայի հետ հարաբերությունների վրա»,- խոսքը եզրափակել է Ալեքսանդր Իսկանդարյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder