ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են փոխադարձ հարվածները
Քաղաքական
21:15 09/07/2026
Աշխարհ

ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են փոխադարձ հարվածները

ԱՄՆ-ն և Իրանը երկրորդ գիշերն անընդմեջ փոխանակվել են հարվածներով։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ թիրախավորել են Իրանի շուրջ 90 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող հակաօդային պաշտպանության համակարգեր և ռազմական ենթակառուցվածքներ։ Հայտնում է BBC-ն։ Ըստ Վաշինգտոնի՝ գործողությունների նպատակը Իրանի՝ առևտրային նավագնացությանը սպառնացող հնարավորությունները սահմանափակելն է։

Իրանը հայտնել է, որ վերջին երկու օրերի ընթացքում ԱՄՆ հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 78-ը։ Թեհրանը հայտարարել է նաև, որ պատասխան հարվածներ է հասցրել Քուվեյթում, Բահրեյնում և Քաթարում տեղակայված ամերիկյան օբյեկտներին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը դրանք անվանել է «պատժիչ պատասխանի առաջին փուլ»։

Միաժամանակ, լարվածությունն անդրադարձել է Հորմուզի նեղուցով նավագնացության վրա։ «Ինտերտանկո»-ի ծովային տնօրեն Ֆիլ Բելչերի խոսքով՝ հարավային երթուղով անցնող նավերի թիվը կտրուկ նվազել է՝ օրական շուրջ 70-ից հասնելով մոտ 30-ի, իսկ գիշերային ժամերին՝ նույնիսկ միանիշ թվերի։ Նրա գնահատմամբ՝ ռազմական գործողությունների վերսկսումը բացասաբար է ազդել թե՛ բիզնեսի, թե՛ ծովագնացների աշխատանքի վրա։

Իրանի արտաքին գործերի նախարարությունն ԱՄՆ հարվածները որակել է «լուրջ ռազմական հանցագործություն»՝ պնդելով, որ թիրախավորվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ երկաթուղային կամուրջներ։ Իրանական պետական լրատվամիջոցները հաղորդել են Բանդար Աբբասում, Չաբահարում, Քոնարակում և այլ շրջաններում տեղի ունեցած պայթյունների, հակաօդային պաշտպանության համակարգերի ակտիվացման, ինչպես նաև էլեկտրամատակարարման խափանումների մասին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկություն է հայտնել համաձայնության հասնել, սակայն կասկածի տակ է դրել Թեհրանի պատրաստակամությունը պահպանելու պայմանավորվածությունները։ Նա նաև նշել է, որ նախորդ ամիս կնքված հրադադարի համաձայնագիրն այլևս ավարտված է և չի բացառել նոր հարվածների իրականացումը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատասխանել է, որ Թեհրանը «գործողություններով» կարձագանքի ԱՄՆ քայլերին։

ԱՄՆ-ի և Իրանի միջև անցյալ ամիս ստորագրված 14 կետանոց փոխըմբռնման հուշագիրը նախատեսում էր 60-օրյա հրադադար, բանակցությունների շարունակություն, Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկության ապահովում և պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումներ։ Թեև այդ ժամկետը դեռ չի ավարտվել, վերջին օրերի ռազմական գործողությունները փաստացի կասկածի տակ են դրել համաձայնության հետագա իրականացումը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder