Դավիթ Իշխանյանը պատգամ է ուղղել Բաքվի բանտից
Քաղաքական
14:00 09/07/2026
Հայաստան

Դավիթ Իշխանյանը պատգամ է ուղղել Բաքվի բանտից

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ, դաշնակցական գործիչ Դավիթ Իշխանյանը պատգամ է հղել Բաքվի բանտից։ Արցախի ԱԺ ֆեյսբուքյան էջում հրապարակված ձայնագրության մեջ նա նշում է՝ որևէ ակնկալիք չունեն Ադրբեջանի վերաքննիչ դատարանից, սակայն գիտակցում են, որ միջազգային դատարան տանող ճանապարհը դա է, այդ մասին հայտարարել են նաև դատարանում։

Նրա ներկայացմամբ, նույնիսկ որոշ պաշտպաններ հենց դատարանում մտահոգություն են հայտնում, որ նման փաստերով գնալ միջազգային դատարան Ադրբեջանի համար կլինի ծանր և ամոթ, դա կբերի պարտության։

«Անցած շաբաթ իմ խոսքն էր,  ինչպես առաջին ատյանում, այստեղ էլ խոսքս գրեթե նույնն էր, սա քաղաքական պատվերով, քաղաքական դատավարություն է, այն որևէ կապ չունի քրեական հանցագործությունների հետ, սա ազգային ատելության, էթնիկ պատկանելիության հողի վրա դատավարություն է, և որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել Ադրբեջանի քրեական դատավարության օրենսդրության, մարդու իրավունքների միջազգային կոնվենցիայի կոպիտ խախտումներ։ Խոսքս, իհարկե, ընդհատվում էր դատախազների, դատավորի անհիմն միջամտություններով, բայց, ինչևիցե, ամեն ինչ ավարտին հասցրեցինք, և հոդված առ հոդված ներկայացրեցի, թե ինչպես զրպարտություններով և ձևակերպումներով առանց ապացույցների ու փաստերի կայացվել է դատավճիռ; Ես նույնիսկ խոսեցի, որ սա կարված գործ չէ, այլ կարկատան է։ Օրինակ, 93 թվականին ծնված անձին վերագրում են կասկած 1991-92 թվականներին ռազմական գործողությունների համար, նրան դատապարտել են 15 տարվա ազատազրկման»,-նշում է Դ. Իշխանյանը։

Քաղաքական գործիչն ընդգծում է, առաջին ատյանի դատարանում ասել է, Վերաքննիչում հստակ կրկնել, որ սա հայ ժողովրդի ու պետականության դեմ բացված դատ է՝ հստակ ռազմավարությամբ ու հեռահար նպատակներով։

«Կարևորը մեր ողջախոհությունն է, համբերատար ու նպատակասլաց մեր քայլերն ենք անում, արժանի ելույթներ ունենք։ Միջազգային ատյանների ու դատարանի հետ կապված քմծիծաղով ու արհամարհանքով են վերաբերվում։ Ամենածանրն այն է, որ մեր երեսին ուղղակի շպրտում են այսպիսի մտքեր. «Եթե ձեր իշխանությունները ոչինչ չեն անում և  շահագրգիռ չեն ձեր վերադարձով, ի՞նչ եք ուզում միջազգային ատյաններից կամ դատարանից։ Սա է իրավիճակը, արդեն լուրեր են շրջանառվում, որ Գերագույն դատարանը մեր գործը չի ընդունի»,-նշում է Դավիթ Իշխանյանը։

Մանրամասները՝ ձայնագրության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder