Իրանն ԱՄՆ ռազմաբազաների դեմ նոր հարձակումներ է իրականացրել
Քաղաքական
15:18 10/07/2026
Աշխարհ

Իրանն ԱՄՆ ռազմաբազաների դեմ նոր հարձակումներ է իրականացրել

Իրանի զինված ուժերը երեկ հարձակումներ են իրականացրել Պարսից ծոցի երկրներում տեղակայված ԱՄՆ ռազմական ենթակառուցվածքների դեմ՝ ի պատասխան Իրանի հարավային և արևելյան նահանգներին ԱՄՆ-ի հասցրած հարվածների՝ հայտնում է Reuters-ը։  Իրանական լրատվամիջոցները  հայտնում են՝  Չոգադակում և Բանդար Աբբասում տեղի ունեցած պայթյունների մասին։ Միաժամանակ ամերիկացի պաշտոնյան նշել է, որ վերջին ժամերին ԱՄՆ-ը նոր հարվածներ չի իրականացրել։

Լարվածությունը սրվել է այն պահին, երբ Մաշհադում ավարտվում էր Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հուղարկավորությունը։ Խամենեին սպանվել էր պատերազմի առաջին օրը՝ փետրվարի 28-ին, ԱՄՆ-Իսրայելական օդային հարվածի հետևանքով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրադադարը ավարտված է, սակայն ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է ձգտել դիվանագիտական լուծման, և տեխնիկական բանակցությունները դեռ շարունակվում են։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունները խաթարում են Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնումը՝ ընդգծելով, որ Իրանի վերահսկողությամբ անցնող նավերի հոսքը հասել է նախապատերազմյան մակարդակի մոտ 50%-ի՝  զգուշացնելով, որ ԱՄՆ-ի ցանկացած նոր միջամտություն կարժանանա «ջախջախիչ պատասխանի»։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ իր ուժերը հարվածել են Իրանի շուրջ 90 ռազմական թիրախների՝ ներառյալ հակաօդային պաշտպանության համակարգեր, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստներ։ Իրանական կողմի տվյալներով՝ հուլիսի 8-9-ի հարվածների հետևանքով զոհվել է 14, վիրավորվել՝ 78 մարդ։ Նշվում է նաև, որ Բուշերի ատոմակայանի պարագիծը վնասվել է, իսկ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Քուվեյթում, Քաթարում, Բահրեյնում և Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։

Քուվեյթը հայտնել է, որ խոցել է մի շարք հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, իսկ Հորդանանում նույնպես խոցվել են Իրանից արձակված հրթիռներ։ Կատարը, Թուրքիան, Օմանը և Պակիստանը կողմերին կոչ են արել խուսափել հետագա էսկալացիայից և վերադառնալ դիվանագիտական ճանապարհով կարգավորմանը։ Իրանի պաշտոնյաները շարունակում են պնդել, որ Հորմուզի նեղուցի վերաբացումը հնարավոր կլինի միայն Թեհրանի պայմաններով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder