Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սուդանում խոլերայի բռնկումը կարող է զգալիորեն վատթարանալ՝ երկրի շարունակվող պատերազմի, զանգվածային տեղահանության և անձրևոտ սեզոնի մեկնարկի պատճառով, վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Կազմակերպության տվյալներով, հունիսի 27-ին հայտարարված բռնկումն արդեն խլել է առնվազն 114 մարդու կյանք, իսկ վարակվածների թիվը գերազանցել է 1300-ը։ Հիվանդությունը տարածվում է Սուդանի մի շարք նահանգներում, հատկապես Դարֆուրում և Կորդոֆանում, որտեղ մարտական գործողությունների պատճառով մարդասիրական օգնության և առողջապահական ծառայությունների հասանելիությունը շարունակում է խիստ սահմանափակ մնալ։
Սուդանում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Շիբլե Սահբանին Ժնևում լրագրողների հետ տեսակապի ընթացքում նշել է, որ խոլերան կրկին տարածվում է երկրում, իսկ մահացության մակարդակը հասել է 13.7 տոկոսի, ինչը, նրա խոսքով, չափազանց բարձր ցուցանիշ է։ Նա նաև ընդգծել է, որ անձրևոտ սեզոնը, ամենայն հավանականությամբ, էլ ավելի կբարդացնի իրավիճակը։ Խոլերան ծանր և պոտենցիալ մահացու լուծային հիվանդություն է, որը հատկապես արագ տարածվում է այն վայրերում, որտեղ խմելու ջրի և կոյուղու մաքրման համակարգերը չեն գործում պատշաճ կերպով։
ԱՀԿ-ի գնահատմամբ, Սուդանը ներկայումս բախվում է աշխարհի ամենախոշոր մարդասիրական ճգնաժամերից մեկին․ ավելի քան 33 միլիոն մարդ օգնության կարիք ունի, որոնցից 21 միլիոնը՝ առողջապահական ծառայությունների։ Առանձնակի մտահոգիչ է Հյուսիսային Կորդոֆանի մայրաքաղաք Ալ-Օբեյդի իրավիճակը, որտեղ առողջապահական հաստատությունները գերծանրաբեռնված են, իսկ մարդասիրական օգնության մուտքը դժվարացել է Սուդանի բանակի և Արագ աջակցության ուժերի (RSF) միջև սրվող բախումների հետևանքով։ Սահբանին զգուշացրել է, որ կա վտանգ, որ Ալ-Օբեյդը կարող է վերածվել «երկրորդ ալ-Ֆաշիրի», կամ նույնիսկ ավելի ծանր իրավիճակի։