Ryanair-ի չվերթում արտակարգ իրավիճակ. ուղևորը գրեթե դուրս է «թռել» պատուհանից
Հասարակություն
11:47 11/07/2026
Աշխարհ

Ryanair-ի չվերթում արտակարգ իրավիճակ. ուղևորը գրեթե դուրս է «թռել» պատուհանից

Ryanair ավիաընկերության՝ Հունաստանի Սալոնիկ քաղաքից դեպի Գերմանիայի Մեմինգեն իրականացվող չվերթի ընթացքում լուրջ միջադեպ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է BBC-ն։    

61-ամյա սերբ ուղևորի գլուխն ու ուսերը դուրս են հայտնվել պատուհանից, իսկ նրա կինը մի քանի րոպե պահել է ամուսնու ոտքերը, մինչև մյուս ուղևորները կարողացել են նրան ներս քաշել, այն բանից հետո երբ ինքնաթիռը թռիչքից 10 րոպե անց կտրուկ իջել է 2700մ։

Հիվանդանոցի տնօրեն Միխալիս Յաննակոսի խոսքով, տղամարդը բուժվում է շփման այրվածքներով, գտնվում է շոկային վիճակում, սակայն գիտակցության մեջ է։

Ryanair-ը հայտնել է, որ ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է Սալոնիկ, քանի որ թռիչքի ընթացքում ուղևորի պատուհանը պոկվել էր։ Ընկերության տվյալներով, օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել, մեկ ուղևոր տեղում բժշկական օգնություն է ստացել, իսկ մի քանի ժամ անց կազմակերպվել է փոխարինող ինքնաթիռ՝ ուղևորներին Մեմինգեն հասցնելու համար։

Ուղևորները ենթադրում են, որ պատուհանը վնասվել է շարժիչից պոկված բեկորների պատճառով, սակայն Ryanair-ը այդ տեղեկությունը չի մեկնաբանել։ Նրանցից մեկը նշել է, որ այդ պահին սրահում ուժեղ հոտ էր տարածվել, իսկ մյուսները կարծում էին, թե ինքնաթիռը  կործանվում էր։

Միջադեպը հետաքննում է Հունաստանի օդային և երկաթուղային անվտանգության հետաքննչական մարմինը։ Fraport Greece-ը հայտարարել է, որ լիարժեք համագործակցում է քննիչների հետ, իսկ Իռլանդիայի ավիացիոն վարչությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել հետաքննությանը։

Թոշակառու օդաչու Քրիս Բրեդին BBC-ին ասել է, որ ավելի ծանր հետևանքներից հնարավոր է եղել խուսափել միայն այն պատճառով, որ տուժած ուղևորը կապված է եղել անվտանգության գոտիով։ Նա կրկին ընդգծել է՝ նույնիսկ գոտու ցուցանակների անջատված լինելու դեպքում ցանկալի է թռիչքի ընթացքում դրանք ամրացված պահել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ryanair-ի չվերթում արտակարգ իրավիճակ. ուղևորը գրեթե դուրս է «թռել» պատուհանից