ԶՊՄԿ նախկին բաժնետերը դիմել է ՍԴ` պնդելով դատարանի որոշումը Սահմանադրության սահմանված հիմնարար իրավունքի կոպիտ ոտնահարում է
Իրավունք
13:10 11/07/2026
Հայաստան

ԶՊՄԿ նախկին բաժնետերը դիմել է ՍԴ` պնդելով դատարանի որոշումը Սահմանադրության սահմանված հիմնարար իրավունքի կոպիտ ոտնահարում է

ԶՊՄԿ տնօրենի նախկին տեղակալ Նարեկ Ամբարյանը դիմել է ՍԴ։ Վերջինս պահանջում է ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը (համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածին) ճանաչել ՀՀ Սահմանադրության 59-րդ և 60-րդ հոդվածներով սահմանված պահանջներին հակասող և անվավեր՝ հաշվի առնելով այդ դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, համաձայն որի՝ «...առևտրային կամ այլ կազմակերպության բոլոր մասնակիցների «բաժնետերերի» կողմից Սահմանադրության 59-րդ և 60-րդ հոդվածներով երաշխավորված տնտեսական գործունեության ազատության և սեփականության հայեցողական տնօրինման շրջանակում կայացված որոշումը որակվում է որպես լիազորությունները կազմակերպության օրինական շահերին հակառակ օգտագործում՝ առանց սահմանադրորեն պաշտպանված հայեցողության սահմանն անցնելը հաստատող ինքնուրույն, հակաիրավական հատկանիշի առկայության»: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։ 

«Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ին առնչվող քրեական վարույթով Վահե Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Դեռ 2025թ․ նոյեմբերին հայտնի դարձավ, որ Վահե Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նույն գործով վեց անձի մասով գործն այժմ Հակակոռուպցիոն դատարանում է։ Այդ գործով մեղադրյալի կարգավիճակում է ոչ միայն Վահե Հակոբյանի եղբայրը՝ Կարեն Հակոբյանը, այլև՝ Նարեկ Ամբարյանը։ Գործով տեղեկատվությունն այժմ սահմանափակ է, ըստ էության, դռնփակ ռեժիմով է քննվում։

Այժմ Նարեկ Ամբարյանը ՍԴ դիմում է ներկայացրել՝ իրեն վերագրվող հանցանքները կատարելու մասին հիմնավոր կասկածի շարունակական առկայությունը հաստատված համարելու հարցի լուծման համար Քրեական օրենսգրքի հոդվածին դատարանի կողմից տրված մեկնաբանության սահմանադրականության հարցով։ Ըստ դիմողի՝ վիճարկվող դրույթը չի կարող տարածվել բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի վարքագծի վրա, որը ոչ թե հաջորդել, այլ նախորդել է ընկերության բաժնետերերի կողմից միաձայն ընդունված որոշմանը, որում արտահայտվել է ընկերության շահը: Դիմողը պնդում է, որ վիճարկվող դրույթը չի ճանաչում այն բանաձևը, համաձայն որի՝ վնասի կամ որևէ այլ հետևանքի առկայությունն ապացուցում է առևտրային կազմակերպության շահի խախտված լինելը: Հավելելով՝ Դիմողը նշում է, որ եթե դա այդպես լիներ, ապա յուրաքանչյուր կորուստ, բացասական հաշվեկշիռ, շուկայական անկում կամ պայմանագրի լուծում կդառնար քրեական գործ հարուցելու հիմք: Այդպիսի մոտեցումը, Դիմողի պնդմամբ, իր հերթին կհանգեցներ տնտեսության քրեականացման, բիզնեսի պետական վերահսկողության:

Ըստ Դիմողի՝ վիճարկվող դրույթը կիրառվել է այն պայմաններում, երբ իրեն վերագրվող մեղադրանքի փաստական նկարագրությունը որևէ հանցավոր վարքագծի դրսևորում չի ենթադրել կամ պարունակել, կալանավորման պայման հանդիսացող հիմնավոր կասկածը բացակայել է, քանի որ իրեն՝ որպես մեղադրյալի վերագրվող արարքը քրեորեն պատժելի չի եղել (քաղաքացիաիրավական օրինական գործարքներին անհիմն կերպով տրվել է քրեաիրավական գնահատական), որը հակասում է Սահմանադրության 72-րդ հոդվածին: Ներկայացված դիմումով Ամբարյանի ներկայացուցիչները պնդել են, որ Ամբարյանին ներկայացված մեղադրանքն ուղղված է քրեաիրավական գործիքակազմի միջոցով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության բաժնետերերի կամքը վերափոխելուն, որը մի կողմից հակասում է Սահմանադրության 59-րդ հոդվածով երաշխավորված՝ տնտեսական գործունեության ազատությանը, իսկ մյուս կողմից՝ իրավունքների անարգել իրականացման և մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության սկզբունքներին (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մաս)։

Նարեկ Ամբարյանը գտնում է, որ այդ ամենը հանգեցրել է իր՝ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմնական իրավունքի կոպիտ ոտնահարման, քանի որ իրեն ներկայացված մեղադրանքն իրավաչափ չի եղել, իր արարքում բացակայել է հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածը, առկա է եղել քրեական հետապնդումը բացառող հանգամանք, մասնավորապես, մեղադրանքի փաստական նկարագրությունը պարունակել է միայն օրինական քաղաքացիաիրավական գործարքներ, իսկ որևէ հանցագործության դեպք դրանում նկարագրված չի եղել, սակայն ինքը գտնվել է անազատության մեջ։ ՍԴ-ն որոշել է մերժել գործի քննությունը՝ պատճառաբանելով, որ ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները չեն սպառվել, ինչպես նաև՝ Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չլինելու հիմքով»,- գրում է կայքը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԶՊՄԿ նախկին բաժնետերը դիմել է ՍԴ` պնդելով դատարանի որոշումը Սահմանադրության սահմանված հիմնարար իրավունքի կոպիտ ոտնահարում է