Ինչպե՞ս են կավիճով պայքարում շոգի դեմ Ֆրանսիայում. Խանութներում այն արագ սպառվում է
Հասարակություն
08:40 13/07/2026
Աշխարհ

Ինչպե՞ս են կավիճով պայքարում շոգի դեմ Ֆրանսիայում. Խանութներում այն արագ սպառվում է

Ֆրանսիայում ռեկորդային շոգի պայմաններում անսպասելիորեն մեծ պահանջարկ է առաջացել մանրացված կավճի  նկատմամբ՝ հայտնում է BBC-ն։

Սովորաբար այն օգտագործվում է ներկերի պատրաստման կամ մաքրման աշխատանքների համար, սակայն այժմ մարդիկ այն կիրառում են որպես շոգի դեմ տնային միջոց՝ ջրի հետ խառնելով և պատուհանների ապակիներին քսելով։ Ստացված սպիտակավուն շերտը թույլ է տալիս լույսի մի մասը ներս մտնել, բայց միաժամանակ արտացոլում է արևի ջերմությունը։

Գիտնականների խոսքով՝ այս մեթոդը գիտական հիմնավորում ունի։ Կավիճի հիմնական բաղադրիչը՝ կալցիումի կարբոնատը (CaCO₃), բարձր արտացոլող հատկություն ունի և գրեթե չի կլանում արևային ճառագայթումը, այդ թվում՝ ուլտրամանուշակագույն և մոտ ինֆրակարմիր ճառագայթները, որոնք հիմնականում ջերմություն են փոխանցում։ Այդ պատճառով նույն նյութն օգտագործվում է նաև նոր սերնդի «գերսպիտակ» սառեցնող ներկերի մշակման մեջ։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ սովորական սպիտակ ներկը կարող է մակերեսը պահել շրջակա միջավայրից առնվազն 1.7°C ավելի սառը, իսկ հատուկ մշակված գերսպիտակ ներկերը՝ նույնիսկ մի քանի աստիճանով ավելի։ Պերդյու համալսարանի գիտնականների տվյալներով՝ նման ներկերից մեկը կարողանում է արտացոլել արևի լույսի մինչև 98.1%-ը։

Կավճի պահանջարկն այնքան է աճել, որ այն սպառվել է երկրի բազմաթիվ խանութներում։ Այն ավանդաբար կիրառվում էր խանութների ցուցափեղկերը կամ ջերմոցների ապակիները սպիտակեցնելու համար, սակայն սոցիալական ցանցերում այս մեթոդի տարածումից հետո այն դարձավ շոգից պաշտպանվելու ամենապահանջված միջոցներից մեկը։ Որոշ դպրոցներ ևս սպիտակեցրել են իրենց պատուհանները, թեև պաշտոնյաները նշում են, որ դա չի կարող փոխարինել շենքերի պատշաճ ջերմամեկուսացմանը։

Մասնագետների կարծիքով՝ պատուհանների սպիտակեցումը կարող է ավելի արդյունավետ նվազեցնել ներսի ջերմաստիճանը, քան միայն պատերը ներկելը։ Բացի այդ, կավիճը համեմատաբար էժան և շրջակա միջավայրի համար ավելի բարենպաստ տարբերակ է, քանի որ, ի տարբերություն օդորակիչների, չի սպառում էլեկտրաէներգիա շահագործման ընթացքում և չի ավելացնում արտաքին միջավայրի տաքացումը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչպե՞ս են կավիճով պայքարում շոգի դեմ Ֆրանսիայում. Խանութներում այն արագ սպառվում է