Շվեդիան ճանապարհորդությունը ներկայացնում է որպես առողջության «դեղատոմս»
Հասարակություն
21:45 13/07/2026
Աշխարհ

Շվեդիան ճանապարհորդությունը ներկայացնում է որպես առողջության «դեղատոմս»

Շվեդիան ներկայացրել է նոր նախաձեռնություն, որի նպատակն է ճանապարհորդությունը դիտարկել որպես առողջության բարելավման միջոց։

The European-ի  փոխանցմամբ՝ Visit Sweden-ի մեկնարկած «Շվեդական դեղատոմս» ծրագրի շրջանակում աշխարհի ցանկացած վայրից մարդիկ կարող են ներբեռնել հատուկ ուղեգիր և այն ներկայացնել իրենց ընտանեկան բժշկին՝ քննարկելու, թե արդյոք շվեդական բնությունն ու կենսակերպը կարող են ներառվել առողջության վերականգնման ծրագրում։

Նախաձեռնությունը հիմնված է հետազոտությունների վրա, որոնք ընդգծում են բնության, մշակույթի և սոցիալական փոխազդեցության դրական ազդեցությունը մարդու բարեկեցության վրա։ Ծրագրի հեղինակների խոսքով՝ բժիշկները կարող են հիվանդներին խորհուրդ տալ այնպիսի զբաղմունքներ, ինչպիսիք են Լապլանդիայի սաունաները, Ստոկհոլմի կղզեխմբում սառը ջրում լողալը, անտառային զբոսանքները, ինչպես նաև շվեդական «ֆիկա» ավանդույթը՝ որպես առողջ ապրելակերպի բաղադրիչ։

YouGov-ի անցկացրած հարցման համաձայն՝ մարդկանց մեծ մասը նախկինում չի լսել բնության, մշակութային կամ սոցիալական դեղատոմսերի մասին, սակայն հարցվածների գրեթե երկու երրորդը պատրաստ է հետևել նման խորհուրդներին, եթե դրանք տրվեն բժշկի կողմից։

ParkRx America-ի բժշկական տնօրենի տեղակալ դոկտոր Սթեյսի Բելլեր Սթրայերի խոսքով՝ բնությունն ու սոցիալական միջավայրը վերականգնողական ազդեցություն ունեն, իսկ Շվեդիան հարուստ է նման ռեսուրսներով։ Նա նշել է, որ պատրաստ է հիվանդների հետ քննարկել, թե ինչպես կարող են շվեդական բնությունն ու կենսակերպը նպաստել նրանց առողջությանը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ևս կարևորում է բնական միջավայրի դերը առողջության պահպանման գործում, իսկ մի շարք երկրներում արդեն կիրառվում են «կանաչ դեղատոմսեր», որոնք խրախուսում են մարդկանց ավելի շատ ժամանակ անցկացնել բնության գրկում՝ սթրեսը նվազեցնելու և ֆիզիկական ու հոգեկան առողջությունը բարելավելու նպատակով։

Visit Sweden-ը ծրագրում ներառել է առողջության համար օգտակար և գիտականորեն հիմնավորված տարբեր փորձառություններ՝ նպատակ ունենալով բժիշկներին տրամադրել վստահելի առաջարկությունների փաթեթ։ Շվեդիան, որն առանձնանում է մաքուր օդով, ընդարձակ անտառներով, կանաչ տարածքներով, հույս ունի ճանապարհորդությունը ներկայացնել ոչ միայն որպես հանգիստ, այլև որպես առողջության պահպանման արդյունավետ միջոց։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder