Ի՞նչ պայմաններում են երեխաների համար սնունդ պատրաստել «Հեքիաթային կիրճ» և «Հեքիաթ» ճամբարներում. ՍԱՏՄ-ն կասեցրել է խոհանոցների արտադրությունը
Առողջություն
17:47 13/07/2026
Հայաստան

Ի՞նչ պայմաններում են երեխաների համար սնունդ պատրաստել «Հեքիաթային կիրճ» և «Հեքիաթ» ճամբարներում. ՍԱՏՄ-ն կասեցրել է խոհանոցների արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն ՍՊ ընկերությանը պատկանող «Հեքիաթային կիրճ» ճամբարում (Կոտայքի մարզ, գյուղ Աղավնաձոր, Ղշով Աղբյուր թաղամաս) իրականացված վերահսկողական միջոցառման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, մասնավորապես՝

- սննդի կառույցը չի պահվել մաքուր և նորոգ վիճակում,

- խոհանոցի պատերի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ, մաքրվող, ախտահանվող մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,

- առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

- խոհանոցի բացվող պատուհանը չի ունեցել համապատասխան միջատապաշտպան ցանց։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և խոհանոցը համապատասխանեցնել իրավական ակտերով սահմանված պահանջներին:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Հեքիաթ» ճամբարում (Կոտայքի մարզ, գյուղ Մեղրաձոր) իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները, մասնավորապես՝

- սննդի կառույցը չի պահվել մաքուր և նորոգ վիճակում,

- խոհանոցի պահեստային հատվածի պատերը չեն ունեցել հարթ, պատշաճ մաքրման և ախտահանման ենթակա մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում,

- խոհանոցի առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի բորբոսի աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

- սառնարանը և դարակաշարերը ենթարկված են եղել քայքայամաշման (կոռոզիայի), պատշաճ չեն մաքրվել և չեն ախտահանվել։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder