Փախստականների ընտանիքների վերամիավորման կասեցումը բաժանել է հազարավոր ընտանիքների
Հասարակություն
14:11 13/07/2026
Աշխարհ

Փախստականների ընտանիքների վերամիավորման կասեցումը բաժանել է հազարավոր ընտանիքների

Ավելի քան 16.000 փախստական չի կարողացել վերամիավորվել Մեծ Բրիտանիայում իր ընտանիքի հետ այն բանից հետո, երբ կառավարությունը կասեցրել է  փախստականների ընտանիքների վերամիավորման ուղին՝ վկայակոչելով փախստականների խորհրդի տվյալներին այս մասին հայտնում է The Guardian-ը։ Կասեցումը ուժի մեջ է մտել անցյալ տարվա սեպտեմբերին և նախատեսվում էր, որ կգործի մինչև այս տարվա գարունը, սակայն դրա վերականգնման վերաբերյալ դեռևս պաշտոնական հաստատում չկա։

Մինչ կասեցումը փախստականի կարգավիճակ ստացած անձինք կարող էին դիմել՝ Մեծ Բրիտանիա բերելու իրենց անմիջական ընտանիքի անդամներին՝ ամուսնուն, կնոջը և 18 տարեկանից փոքր երեխաներին։ Փախստականների խորհուրդը, հիմնվելով Ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալների վրա, հաշվարկել է, որ վերջին 10 ամիսների ընթացքում 16,300 մարդ զրկվել է դիմելու հնարավորությունից։ Նրանց թվում, ըստ գնահատականների, շուրջ 9,273 երեխա և 5,835 կին է։

Կառավարությունը հայտարարել է փախստականների համար նոր անվտանգ և օրինական ուղիների ստեղծման մասին, այդ թվում՝ համայնքային հովանավորության ծրագրի, որի միջոցով համայնքները աջակցում են փախստականների բնակեցմանը, աշխատանքի որոնմանը և ինտեգրմանը։ Սակայն Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ նման ծրագրերը վերջին տասնամյակում Մեծ Բրիտանիա են բերել միայն մոտ 1,000 մարդու։

Փախստականների խորհրդի արտաքին հարաբերությունների տնօրեն Իմրան Հուսեյնը նշել է, որ անվտանգ և օրինական ճանապարհները կարող են փրկել մարդկանց կյանքեր։ Նրա խոսքով՝ պատերազմներից և բռնությունից փախչող ընտանիքները հաճախ վտանգավոր ճանապարհների են դիմում, երբ այլ հնարավորություններ չունեն։

Կազմակերպությունը կոչ է արել կառավարությանը անհապաղ վերականգնել փախստականների ընտանիքների վերամիավորման ծրագիրը՝ միաժամանակ ընդլայնելով նոր անվտանգ երթուղիները։

Ներքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ կառավարությունը բարեփոխում է ապաստանի համակարգը՝ պահպանելու կարիքավորների պաշտպանությունը և կանխելու համակարգի չարաշահումը։ Նրա խոսքով՝ ապագայում ընտանիքի վերամիավորումը այլևս ավտոմատ չի լինելու, և դիմողները պետք է համապատասխանեն ավելի խիստ չափանիշների։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder