Իրանը ՄԱԿ-ում մեղադրել է ԱՄՆ-ին Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը խախտելու մեջ
Քաղաքական
14:08 14/07/2026
Աշխարհ

Իրանը ՄԱԿ-ում մեղադրել է ԱՄՆ-ին Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը խախտելու մեջ

Իրանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին՝ հայտարարելով, որ Միացյալ Նահանգները համակարգված կերպով խախտել է 2026 թվականի հունիսի 17-ին ստորագրված Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի պարտավորությունները և դրանով վտանգի տակ է դրել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը՝ հայտնում է «Մեհր» լրատվական գործակալությունը։

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին նշել է, որ հուշագիրը հիմնված էր «պարտավորություն՝ պարտավորության դիմաց» սկզբունքի վրա, սակայն դրա ստորագրումից անմիջապես հետո ԱՄՆ-ը, ըստ Թեհրանի, ոչ միայն չի կատարել իր պարտավորությունները, այլև ձեռնարկել է գործողություններ, որոնք խաթարել են համաձայնության հիմքերը։ Իրանը որպես խախտումներ ներկայացնել է իր տարածքի նկատմամբ ռազմական հարվածները, իրանական նավթի վաճառքի լիցենզիայի չեղարկումը, Հորմուզի նեղուցում այլընտրանքային ծովային երթուղու ստեղծումը, ինչպես նաև Իսրայելի գործողություններին ցուցաբերվող աջակցությունը։

Նամակում Իրանը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կատարել իր կանոնադրական պարտականությունները, ձեռնարկել անհապաղ և վճռական միջոցներ՝ ԱՄՆ-ին ստիպելու դադարեցնել, իր ձևակերպմամբ, ագրեսիվ գործողությունները և ապահովել միջազգային իրավունքի խախտումների համար պատասխանատվությունը։

Կից ներկայացված հաշվետվությունում Իրանը թվարկել  է 2026 թվականի հունիսի 18-ից հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված, իր գնահատմամբ, տասնյակ խախտումներ՝ ներառյալ ԱՄՆ նախագահի և պաշտոնատար այլ անձանց հայտարարությունները, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության գործողությունները, նոր պատժամիջոցների կիրառումը, ինչպես նաև Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունները։ Թեհրանը պնդել է, որ այս բոլոր դեպքերի վերաբերյալ պաշտոնապես տեղեկացրել է միջնորդներին՝ պահանջելով ապահովել խախտումների դադարեցումն ու դրանց չկրկնվելու երաշխիքները։

Իրանը նաև խնդրել է, որ նամակը տարածվի որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder