Ռուբիոն խոստանում է «լուծարել» Միջազգային քրեական դատարանը
Քաղաքական
21:10 14/07/2026
Աշխարհ

Ռուբիոն խոստանում է «լուծարել» Միջազգային քրեական դատարանը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է ուժեղացնել ճնշումը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նկատմամբ՝ նպատակ ունենալով այն «լուծարել» և այլ երկրներին ներգրավել այդ գործընթացում: Այս մասին հայտնում է CNN-ը։

 Նրա խոսքով՝ դատարանը «պատերազմ է վարում» Միացյալ Նահանգների դեմ՝ ոչ թե ռազմական, այլ միջազգային իրավունքի գործիքներով։

Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ-ի դժգոհությունը Միջազգայի քրեական դատարանի գործունեությունից սկսվել է դեռ Դոնալդ Թրամփի առաջին նախագահության տարիներին, երբ դատարանը փորձեց հետաքննել Աֆղանստանում ամերիկյան զինված ուժերի կողմից ենթադրյալ ռազմական հանցագործությունները։ Թրամփի երկրորդ վարչակազմը ևս պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների նկատմամբ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների հետաքննության փորձերի պատճառով։

Պետդեպարտամենտի տվյալներով՝ այժմ իրականացվում է արշավ, որի շրջանակում Վաշինգտոնը դաշնակիցներին կոչ է անում դիվանագիտորեն մեկուսացնել Միջազգային քրեական դատարանը, դուրս գալ դատարանի կազմից և դադարեցնել դրա ֆինանսավորումը։ ԱՄՆ պաշտոնյաները նաև զգուշացրել են, այն երկրները, որոնք շարունակեն ճանաչել դատարանի իրավասությունը և միաժամանակ ապավինեն ամերիկյան աջակցությանը, կարող են բախվել ավելի խիստ վերահսկողության և հնարավոր սահմանափակումների։ Քննարկվող միջոցների թվում են վիզաների չեղարկումը, ճամփորդական սահմանափակումները և լրացուցիչ այլ պատժամիջոցներ։

Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում Ռուբիոն գրել է, որ Միացյալ Նահանգները կօգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ ՄՔԴ-ն «քար առ քար քանդելու» համար։ Նա նաև պնդել է, թե դատարանը գործում է ձախակողմյան հասարակական կազմակերպությունների, գլոբալիստների և ԱՄՆ-ի նկատմամբ թշնամաբար տրամադրված կառավարությունների ազդեցության ներքո։

Միևնույն ժամանակ, «Ժողովրդավարություն արաբական աշխարհի համար հիմա» (DAWN) կազմակերպության գործադիր տնօրեն Օմար Շաքիրը քննադատել է Ռուբիոյի հայտարարությունները՝ նշելով, որ իրենց կոչը վերաբերում էր պատերազմում հնարավոր բոլոր ռազմական հանցագործությունների հետաքննությանը, այլ ոչ միայն ԱՄՆ-ի գործողություններին։ Նրա խոսքով՝ պատմությունը կգնահատի կառավարություններին՝ ըստ այն բանի, թե արդյոք նրանք պաշտպանել են միջազգային իրավունքը և դրա պահպանման համար ստեղծված ինստիտուտները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder