Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր զեկույցը․ Գիտության ոլորտում շարունակվող բացթողումները վտանգում են զարգացող երկրների հետագա զարգացումը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Փարիզում մեկնարկել է Կայուն զարգացման գիտությունների միջազգային տասնամյակի (IDSSD) 2026 թվականի գլոբալ համաժողովը՝ միաժամանակ հրապարակելով նոր տվյալներ, որոնք ներկայացնում են վերջին երկու տարիներին գիտական համայնքի լայնածավալ մոբիլիզացիան և մատնանշում զարգացող երկրների առջև ծառացած շարունակվող անհավասարությունները։
Ավելի քան 800 նախարարներ, գիտնականներ և միջազգային առաջնորդներ համախմբվել են գնահատելու համաշխարհային գիտության վիճակն ու դրա ներդրումը Կայուն զարգացման նպատակների իրականացման գործում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր գլոբալ զեկույցը, որը հիմնված է 79 երկրներից 397 գիտական նախաձեռնությունների տվյալների վրա, արձանագրում է աննախադեպ ակտիվություն․ ներգրավվել է շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում, իսկ իրականացվող ծրագրերն ընդգրկում են Կայուն զարգացման բոլոր 17 նպատակները։ Միաժամանակ զեկույցը բացահայտում է լուրջ անհավասարակշռություններ․ Աֆրիկան ներկայացված է նախաձեռնությունների 10 %-ից պակասով՝ չնայած աշխարհի բնակչության 17,5%-ը կազմելուն, իսկ նախագծերի 40 -ը հիմնական խոչընդոտ է համարում ոչ թե ֆինանսավորման, այլ համակարգման պակասը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Ալ-Անանին նշել է, որ աշխարհը գիտական գիտելիքների պակաս չունի, սակայն անհրաժեշտ են ավելի արդյունավետ համակարգեր՝ այդ գիտելիքները մարդկանց և մոլորակի բարօրությանը ծառայեցնելու համար։ Նրա խոսքով՝ կառավարությունները պետք է գիտնականների ստեղծած այս թափը վերածեն քաղաքական որոշումների, ֆինանսավորման և չափելի արդյունքների։
Զեկույցը նաև առաջարկում է հինգ առաջնահերթ բարեփոխում՝ վերափոխել գիտական խթանման համակարգը, ընդլայնել գիտական ենթակառուցվածքների և գիտելիքների հասանելիությունը, ամրապնդել գիտնականների և որոշում կայացնողների համագործակցությունը, վերականգնել հանրային վստահությունը գիտության նկատմամբ և ապահովել զարգացող տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության, պատասխանատու կառավարումը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներկայացրել է նաև գիտության վերաբերյալ 2021 թվականի առաջարկության իրականացման արդյունքները։ Տվյալների համաձայն՝ 81 երկրից 79 %-ն արդեն ունի բաց գիտության քաղաքականության շրջանակ, սակայն դրանցից միայն 41 %-ն ունի գործնական իրականացման ծրագիր, իսկ յուրաքանչյուր երեք երկրից միայն մեկն է ստեղծել մոնիթորինգի մեխանիզմներ։ Համաժողովի շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ն և AXA հիմնադրամը բացել են նաև «Հաջորդ սերունդ» լուսանկարչական ցուցահանդեսը՝ ներկայացնելով աշխարհի տարբեր երկրներից 11 երիտասարդ հետազոտողների պատմություններն ու գիտական գործունեությունը։ Այս տարվա համաժողովն անցկացվում է «Գիտությունը գործողության մեջ. հարթելով ճանապարհը դեպի կայուն և արդար ապագա բոլորի համար» խորագրով։