Գիտնականները բացահայտել են շումերների մոռացված միֆը. ինչպես աղվեսը փրկեց աշխարհը երաշտից
Կրթություն, գիտություն
20:40 15/07/2026
Աշխարհ

Գիտնականները բացահայտել են շումերների մոռացված միֆը. ինչպես աղվեսը փրկեց աշխարհը երաշտից

Հնագետներն առաջին անգամ վերծանել են շումերական Նիպուր քաղաքից հայտնաբերված և մոտավորապես մ.թ.ա. 2400 թվականով թվագրվող սեպագիր սալիկի ամբողջական հատվածը։ Այս տեքստը պահպանել է հետազոտողներին նախկինում անհայտ մի եզակի առասպել՝ կայծակի և որոտի աստված Իշկուրի առևանգման և խորամանկ աղվեսի կողմից նրա փրկության պատմությունը։ Ըստ լեգենդի՝ Իշկուրին իր ողջ հոտերի հետ միասին տարել էին ստորգետնյա աշխարհ։

Անձրևները տնօրինող աստծո անհետացմամբ Երկրի վրա աղետ սկսվեց. ցամաքեցին գետերը, ցանքատարածությունները ոչնչացան, և երաշտ տիրեց։ Այդ ժամանակ գերագույն աստված Էնլիլը խորհուրդ հրավիրեց՝ որդուն վերադարձնելու և կարգուկանոնը վերականգնելու միջոց գտնելու համար։ Սակայն կոչին արձագանքեց միայն աղվեսը։ Փոքրիկ կենդանին ճանապարհվեց մեռյալների թագավորություն։ Համաձայն ծիսակարգի՝ նա ընդունեց հացն ու ջուրը՝ մահվան խորհրդանշական նվերները, բայց չկերավ դրանք՝ այդպիսով խուսափելով ստորգետնյա աշխարհի թակարդից։ Դա թույլ տվեց նրան պահպանել ազատությունը և գաղտագողի հասնել գերեվարված Իշկուրին։

Թեև առասպելի վերջաբանը կորսված է, պահպանված հատվածն ընդգծում է, որ հենց աղվեսն է դառնում այն հերոսը, որն ընդունակ է վերադարձնել աստծուն և դրանով իսկ վերականգնել կյանքի շրջապտույտը։ Հետազոտողները կարծում են, որ այս պատմությունն արտացոլում է շումերական մշակույթի առանցքային գաղափարը. անգամ ամենափոքրն ու աննկատելին կարող է վճռորոշ դեր խաղալ աշխարհի ճակատագրում։ Սեպագիր եզակի պատառիկը պահվում է Փենսիլվանիայի համալսարանի հավաքածուում։ Դրա վերծանումը նոր շերտ ավելացրեց Հին Միջագետքի դիցաբանության ընկալման մեջ և հիշեցրեց, թե որքան դեռևս չբացահայտված պատմություններ են թաքնված մարդկության արխիվներում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder