Ծնելիությունը նաև պայմանավորված է ապահովության զգացողությամբ, այն պարզ երևույթ չէ. Ռուբեն Եգանյան
Հասարակություն
17:33 15/07/2026
Հայաստան

Ծնելիությունը նաև պայմանավորված է ապահովության զգացողությամբ, այն պարզ երևույթ չէ. Ռուբեն Եգանյան

Օրերս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց. «Ցավոք սրտի, մենք ունենք ամեն տարի իջնող ծնելիություն։ 2025 թվականին մենք ունեցել ենք 32 հազար 42 ծնունդ, 2024-ին՝ 33 հազար 593 ծնունդ, 36 հազար 590՝ 2023-ին։ Անկումը շարունակվում է»։ Գործադիրի ներկայացուցիչը ստիպված է խոստովանել, որ կառավարության իրականացրած ծնելիության խթանման բազմաթիվ ծրագրեր տապալվել են։ Ստացվում է, որ Արսեն Թորոսյանը հրապարակային խոսում է այդ ծրագրերի ոչ արդյունավետ լինելու մասին։ Հիմնահարցի շուրջ Panorama.am-ը զրուցեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի հետ։
 

Ռ. Եգանյան-Սա խորը պրոբլեմ է, ընդորում այն միայն մեր պրոբլեմը չէ, ծնելիությունը նվազում է ողջ աշխարհում, բացառությամբ որոշ երկրների՝ առավել հետամնաց։ Այն նվազման շարունակական տենդենց է, և հնարավոր է նաև խորացման միտում է ունենալու ժամանակի ընթացքում։ Մեր մոտ բացի համընդհանուր պատճառներից, նաև մեր իրողություններն են, որոնք ոչ այնքան բարվոք են, եթե դուք նկատել եք։ Ընդորում խոսքը գնում է, ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև աշխարհաքաղաքական իրողությունների և դրանց հետևանքների հետ։

Panorama.am -Աշխարհաքաղաքական ասելով՝ ի՞նչ նկատի ունեք։

Ռ. Եգանյան -Ներկայիս իրավիճակը, մեր ապագայի հարցերը, որոնք այսօրվա դրությամբ, չեմ կարծում, թե անհանգստություններ չեն առաջացնում բնակչության մեծ թվի մոտ, այդ թվում երիտասարդության՝ հիմնական ծնող-կոնտինդենտի մոտ։ Ինչի համար պետք է ավելանա ծնելիությունը։

Panorama.am -Կառավարությունը հայտարարում է, որ ծնելիության խրախուսման ծրագրեր է մշուկում, մի փուլում նույնիսկ հայտարարեց, որ դրա արդյունքում ժողովրդագրական դրական ցուցանիշների է հասել։

Ռ. Եգանյան -Դրամական խրարխուսման մեթոդներն առանձնապես արդյունավետ անդրադարձ չեն ունենում։ Այն փորձարկված իրողություն է։ Շատ նմանատիպ ծրագրեր արել են նաև զարգացած երկրները, ընդորում ոչ թե ֆորմալ, այլ ռեալ իրական մեխանիզմներով, բայց էական արդյունքներ չեն ունեցել։ Օրինակ Ֆրանսիան, Գերմանիան, մասնավորապես գերմանիայում էլ այն բավական ծանր պրոբլեմ է։

Panorama.am -Եթե զարգացած երկրներում այդ խնդիրն այդքան էլ առաջնային չէ, ապա մեր մոտ այն արդեն ազգային անվտանգության հարց է։ Ի՞նչ պետք է արվի, որ ժողովրդագրական այս հիմանխնդրի լուծման ուղղությամբ դրական տեղաշարժ լինի։

Ռ. Եգանյան-Ծնելիությունը նաև պայմանավորված է ապահովության զգացողությամբ, հոգեբանական նորմալ վիճակով, ապագայի նկատմամբ վստահությամբ, շատ հարցեր կան, այն պարզ երևույթ չէ։

Panorama.am -Իսկ ներգաղթի խթանման միջոցով հնարավո՞ր է ժողովրդագրական իրավիճակի կարգավորում՝ թեկուզ ոչ ազգությամբ հայերի միջոցով։  

Ռ. Եգանյան-Չեմ կարծում, որ այն հնարավոր է իր արդյունքները տա։ Մեր մոտ առանձնապես ներգաղթ չկա։ Ո՞վ է գալիս այստեղ մշտապես բնակվելու հաստատվելու վերարտադրվելու նկատառումներով։ Լիբանանից հիմնականում մեր հայրենակիցներն են, որոնք հերթական վայրն են փնտրում փախնելու հնարավոր վտանգավոր իրավիճակներից։ Մենք ներգաղթի կայուն հոսքեր ապահովելու համար գրավող գործոններ չունենք։ Աշխատանքային ինչ-որ հոսքեր կարող են գալ և գալիս են՝ դատելով առաքիչներից, փողոցներում սևագործ աշխատանք իրականացնողներից, բայց նրանք գալիս են ոչ թե այն նպատակով, որ բնակություն հաստատեն, հիմքեր գցեն, ընտանիք բերեն, այլ  գալիս են վաստակեն, իրենց երկրներում գտնվող ընտանիքների հոգսերը հոգան, ինչպես մեր արտագնա աշխատանքի մեկնողները։ Ինչ վերաբերում է մեր հայկական սփյուռքից ներհոսքին, այն ես այնքան էլ լուրջ չեմ գնահատում և լուրջ չեմ համարում նաև հիշատակածս աշխարգհաքաղաքական գործոններով պայմանավորված։ Շարունակական արտահոսքի հավանականությունն ավելի մեծ է, ընդորում այն արտահոսքի, որը հիմնականում երիտասարդության շրջանում է տեղի ունենալու։

Panorama.am -Շատ է խոսվում ադրբեջանցիների վերաբնակեցման մասին, հիպոթետիկ պատկերացմամբ այն ինչպե՞ս կազդի ՀՀ ժողովրդագրական վիճակի վրա։

Ռ. Եգանյան -Ես այդ երևույթին չեմ կարող լրջորեն վերաբերվել, չնայած մեր վերջին տարիների կյանքը ցույց տվեց, որ շատ բաների պետք է լուրջ վերաբերվել։ Այն անլուրջ է։ Մենք խորհրդային տարիներին առանձնապես ադրբեջանցի բնակչություն չունեինք։ Եղել է մոտ 160 հազար մարդ, որնք գնացին և նրանց փոխարեն Հայաստան եկան 350-400 հազար ադրբեջանաբնակ բռնագաղթած հայեր, որոնց մեծ մասը հայրենիքը որպես ժամանակավոր հանգրվան ընդունեց և  հետագայում տեղափոխվեց։ Հիմա նույն բանը կատարվելու է մեր արցախահայ հայրենակիցների հետ։ Այդ առումով եվրոպական վեկտորն այդքան էլ դրական չեմ համարում, որովհետև եթե վիզային հարցերի թեթևացման երևույթը եղավ՝ կարող է արտահոսքի նոր ալիք առաջացնի։ Մի խոսքով՝ երևույթը շատ բարդ է և առանձնապես փայլուն հեռանկարներ չեմ տեսնում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ծնելիությունը նաև պայմանավորված է ապահովության զգացողությամբ, այն պարզ երևույթ չէ. Ռուբեն Եգանյան