Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին
Հասարակություն
16:41 16/07/2026
Հայաստան

Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գերմանիայից ժամանած գիտակրթական ոլորտի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի խոսնակ, մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար դոկտոր Մաթթիաս Կոպպի։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, դոկտոր Մաթթիաս Կոպպը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Նորին Սրբությանը ներկայացրել է հյուրերին՝ տեղեկացնելով, որ ճանաչողական այցի նպատակն է առավել խորությամբ ծանոթանալ Հայոց Եկեղեցուն, հայ ժողովրդի պատմությանը, հոգևոր ու մշակութային ժառանգությանը և քրիստոնեական ավանդույթներին։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է հյուրերի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ընդգծելով, որ այսօրինակ այցելությունները նպաստում են ժողովուրդների և Եկեղեցիների միջև հարաբերությունների ու եղբայրական կապերի առավել ամրապնդմանը։

Իր խոսքում Հայոց Հայրապետն անդրադարձել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր առաքելությանը հայ ժողովրդի կյանքում՝ մասնավորապես ընդգծելով Եկեղեցու դերակատարությունը քրիստոնեական հավատքի զորացման, ազգային ինքնության պահպանության, հոգևոր ու մշակութային ժառանգության կերտման գործում։

Նորին Սրբությունն անդրադարձ է կատարել նաև հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին՝ իր գնահատանքը հայտնելով բարեկամ երկրներին, այդ թվում՝ Գերմանիային, Քույր Եկեղեցիներին և միջազգային կառույցներին՝ դժվարին ժամանակներում հայ ժողովրդին ու Հայ Եկեղեցուն ցուցաբերվող զորակցության համար։

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը պատասխանել է  հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին Հայոց Եկեղեցու գործունեությանը, միջեկեղեցական հարաբերություններին, Հայաստանի հոգևոր ու հասարակական կյանքին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder