Որոշումների ընդունմամբ հնարավորություն կտրվի ընկերություններին ձուկ և ձկնամթերք արտահանել ԵՄ երկրներ. Պապոյան
Տնտեսություն
13:01 16/07/2026
Հայաստան

Որոշումների ընդունմամբ հնարավորություն կտրվի ընկերություններին ձուկ և ձկնամթերք արտահանել ԵՄ երկրներ. Պապոյան

«ՀՀ-ն Եվրոպական հանձնաժողովի կողմից թույլտվություն է ստացել ԵՄ երկրներ հայկական արտադրության սառեցված ձուկ, վերամշակված ձուկ և ձկնամթերք արտահանելու հնարավորության վերաբերյալ»,-կառավարության նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ խոսելով  2025 թվականի մասին;

 Նրա խոսքով՝  2026 թվականին Եվրոպական սննդի անվտանգության համակարգը ներկայացնող մարմինը ՀՀ-ին փոխանցեց, թե ինչ ընթացակարգեր և ինչ պահանջներ են: 

Ըստ Պապոյանի՝ որպեսզի հնարավոր լինի արտահանման գործընթացն անխոչընդոտ կազմակերպել,  անհրաժեշտ էր «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքներում սահմանվեն համապատասխան լիազորող նորմեր՝ Կառավարության կողմից համապատասխան ընթացակարգերի և պահանջների հաստատման նպատակով։

Նա տեղեկացրեց, որ օրենքներն արդեն ուժի մեջ են մտել, որից հետո անցել են Կառավարության համապատասխան որոշումների ընդունմանը, որից մեկը զեկուցվողն է, որով կարգավորվում  է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում տնտեսվարող սուբյեկտի գրանցումը, այն դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգը։

«Մեկ այլ որոշում էլ վերաբերում է ԵՄ առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում գրանցման համար ձկնաբուծական տնտեսություններին կամ ձկնամթերքի արտադրական կազմակերպություններին կամ ձկան, ձկնամթերքի պահպանմամբ զբաղվող կազմակերպություններին ներկայացվող պահանջներին»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ նախագծի ընդունումը ռազմավարական կարևոր քայլ է դեպի եվրոպական շուկա հայկական արտադրանքի արտահանման նոր հնարավորությունների ստեղծման ճանապարհին և պայմանավորված է արտահանման գործընթացի համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովմամբ, շարունակեց. «ԵՄ երկրներ արտահանելու համար պարտադիր պայման է ձկնաբուծական տնտեսությունների, ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների՝ ԵՄ առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում գրանցված լինելը և ԵՄ տեխնիկական կանոնակարգերին ու չափանիշներին համապատասխանությունը»։

Նրա խոսքով՝ համաձայն ԵՄ օրենսդրության՝ այդ համակարգում կազմակերպությունների գրանցումը պետք է իրականացվի տվյալ երկրի լիազոր մարմնի կողմից։ 

«Այս որոշումների ընդունմամբ հնարավորություն կտրվի վերոնշյալ ընկերություններին ձուկ և ձկնամթերք արտահանել ԵՄ երկրներ՝ նվազեցնելով կախվածությունը մեկ արտահանման շուկայից և դիվերսիֆիկացնելով մեր արտահանումը։ ԵՄ ստանդարտների ներդրումը, իհարկե, կխթանի տեղական արտադրության արդիականացումը և կբարձրացնի սննդամթերքի անվտանգությունը ընդհանուր մակարդակում»,- ասաց նախարարը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder