Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Փաստ». Իշխանության ռեպրեսիաները հասել են արդյունաբերական մասշտաբների
«Փաստ» թերթը գրում է.
«Այն, որ Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո բռնաճնշումներն էլ ավելի լայն թափ են ստացել, ակնհայտ իրողություն է: Մեր մեջ ասած՝ ընտրություններից առաջ էլ այդ առումով առանձնապես մի բարվոք վիճակ չէր, հիմա՝ առավել ևս: Այդ խորապատկերում, մանավանդ տասնյակ ու տասնյակ քաղաքական բանտարկյալների, քաղաքական դրդապատճառներով հետապնդվողների առկայության պայմաններում ինքնին ենթադրելի էր, որ ծագել է քաղհետապնդվողների իրավունքների պաշտպանության որևէ կառույց ձևավորելու անհրաժեշտություն:
Դա ինքնին նախանշվող քայլ է. ցանկացած ազդեցություն հարուցում է հակազդեցություն: Եվ, եթե երկրում իշխանությունների կողմից իրականացվում են լայնածավալ բռնաճնշումներ, ապա հանրային իքնապաշտպանության մղումը բերում է այդ ճնշումներին կազմակերպված դիմակայելու անհրաժեշտության:
Իշխանությունը բացեիբաց հայտարարում է, որ նպատակ ունի ոչնչացնել, վերացնել ընդդիմադիր ուժերին: Իշխանության ղեկավարը բացեիբաց հայտարարել է, որ ցանկանում է «սպանել» ընդդիմադիր լիդերներին: Դա փորձում են հրամցնել որպես «կրքոտ հռետորություն», որպես «քաղաքական կարծիք» կամ այլ «մեղմող» փաթեթավորմամբ, բայց սպանելու, ոչնչացնելու մասին հրապարակավ հնչեցված սպառնալիքի էությունը դրանից չի փոխվում: Ռեպրեսիաները կրում են համատարած և ընդհանուր բնույթ: Ու դա վերաբերում է ընդդիմադիր ուժերի ոչ միայն լիդերներին, ոչ միայն երկրորդ-երրորդ շարքի գործիչներին, ոչ միայն պարզ կուսակցականներին, այլև նրանց հետ որևէ կապ ունեցող ազգականներին, հարազատներին: Ավելին, վերջերս արձանագրվեց խայտառակ փաստ, երբ բարձրակարգ մանկաբարձ-գինեկոլոգին ռեպրեսիայի ենթարկեցին՝ զրկելով աշխատանքից, քանի որ նա… «թթու խոսք» էր ասել իր թևից քաշքշող Նիկոլ Փաշինյանին:
Հայաստանում չկա որևէ ծանրակշիռ ընդդիմադիր ուժ, որի առաջնորդը կա՛մ կալանքի տակ չլինի, կա՛մ ազատությունը սահմանափակված չլինի, կա՛մ դատական պրոցեսի մեջ չլինի: Գրեթե չկա որևէ նկատելի ընդդիմադիր քաղաքական ուժ, որի կազմից քաղաքական բանտարկյալ չլինի: Այլ կերպ ասած՝ ռեպրեսիաները հասել են արդյունաբերական մասշտաբների:
Ու նկատի չունենք այն, որ իշխանության կամայականությունների հետևանքով արդեն նաև արդյունաբերական ընկերությունների բազմաթիվ աշխատողներ էլ են տուժում՝ քաղաքական պատճառներով, այլ բռնաճնշումներն իսկապես էլ արդյունաբերական, կոնվեյերային մասշտաբներ են ստացել:
Իշխանությունը գործում է հետևյալ մոտեցմամբ. ինքն ունի ամեն ինչի իրավունք, մնացած բոլորը չունեն ոչ մի իրավունք: Այդպես են ձևավորվում բռնատիրական ռեժիմները: Դրան պետք է դիմակայել: Եվ այդ առումով նշված հանձնաժողովի ձևավորումը գուցե կարող է փոքր քայլ թվալ: Բայց նախ՝ դա այնուամենայնիվ քայլ է, երկրորդ՝ ցանկացած ճանապարհ սկսվում է փոքր քայլերից, երրորդ՝ դա ավելի ընկալելի է, քան ընդհանրապես ոչինչ չանելը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։