Հայաստանը բավարար կատարել է ԳՐԵԿՈ-ի 22 հանձնարարականներից 6-ը. Զեկույց
Քաղաքական
12:51 16/07/2026
Հայաստան

Հայաստանը բավարար կատարել է ԳՐԵԿՈ-ի 22 հանձնարարականներից 6-ը. Զեկույց

«Հայաստանը բավարար կատարել է Հինգերորդ փուլի գնահատման զեկույցում նշված 22 հանձնարարականներից վեցը։ Մնացած 16 հանձնարարականներից 15-ը կատարվել են մասամբ, իսկ մեկը չի կատարվել»,-այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ԳՐԵԿՈ-ի՝  «Կոռուպցիայի կանխարգելումը և բարեվարքության խթանումը իշխանության կենտրոնական մարմիններում (բարձրագույն գործադիր մարմիններում) և իրավապահ մարմիններում» զեկույցից։

Չկատարաված հանձնարարականը վերաբերում է Ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված լուրջ հակաիրավական գործողությունների դեպքերի վերաբերյալ՝ անկախ դրանց նախնական իրավական որակավորումից (քրեական/ոչ քրեական) անկախ և արդյունավետ քննության ապահովմանը։

ԳՐԵԿՈ-ն արձանագրել է կատարված հանձանարարականները, ապա ընդգծել՝ հանձնարարականների լիարժեք կատարման համար անհրաժեշտ են լրացուցիչ միջոցառումներ և ջանքեր։

«ԳՐԵԿՈ-ն այս առնչությամբ նշում է, որ Հայաստանը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի ազդարարների պաշտպանության գործում Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթներին վերաբերող հանձնարարականին, քանի որ դա միակ հանձնարարականն է, որը նույնիսկ մասամբ չի կատարվել։ ԳՐԵԿՈ-ն խրախուսում է Հայաստանին շարունակել դրական զարգացումներ գրանցել ու ջանքեր գործադրել և ակնկալում է հետագա առաջընթաց։ ԳՐԵԿՈ-ն նշում է, որ հաջորդ 18 ամիսների ընթացքում անհրաժեշտ է ապահովել լրացուցիչ առաջընթաց՝ հանձնարարականների բավարար կատարումն ապահովելու համար։ ԳՐԵԿՈ-ն կոչ է անում Հայաստանի պատվիրակության ղեկավարին մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներկայացնել լրացուցիչ տեղեկություններ՝ չկատարված հանձնարարականների կատարման վերաբերյալ»,-ասված է զեկույցում։

Ինչ վերաբերում է  չկատարված հանձնարարականին, ապա իշխանությունները պատճառաբանել են, որ ՆԳՆ ստեղծումից հետո ոստիկանությունն այլևս չունի ներքին կամ կարգապահական քննություններ իրականացնելու լիազորությամբ օժտված կառուցվածքային ստորաբաժանում։

«Այս գործառույթներն այժմ իրականացվում են Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից, որն ինստիտուցիոնալ առումով առանձնացված է Ոստիկանության ստորաբաժանումներից և ունի մասնագիտացված բաժիններ, որոնք, ի թիվս այլնի, պատասխանատու են Ոստիկանության ծառայողների հետ կապված քննությունների համար։ Իշխանություններն ավելացնում են, որ ներքին կամ կարգապահական քննությունները կարող են նախաձեռնվել ցանկացած պահի, երբ հայտնի են դառնում ենթադրյալ խախտման վերաբերյալ տեղեկություններ՝ անկախ այդ տեղեկությունների աղբյուրից, ներառյալ՝ ստուգումները, զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները, ազդարարման անանուն ներկայացված հաղորդումները և այլ աղբյուրներ։ Խախտումների հաստատումը և կարգապահական տույժերի կիրառումը չեն իրականացվում Վարչության կամ Նախարարության որևէ այլ ստորաբաժանման կողմից, այլ վերապահված են Կարգապահական անկախ հանձնաժողովին»,-մասնավորապես նշել են իշխանությունները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder